Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիեւի ոճով մեծ-մեծ բրդող Շարմազանովը թերեւս հիշի պատերազմը հետաձգած Սերժ Սարգսյանի խոսքերը հակառակորդին ոգևորող ընդդիմության մասին

Ալիեւի ոճով մեծ-մեծ բրդող Շարմազանովը թերեւս  հիշի  պատերազմը հետաձգած Սերժ Սարգսյանի խոսքերը հակառակորդին ոգևորող ընդդիմության մասին
Քաղաքականություն
20:38, 09 август 2022
ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը հավակնում է դառնալ հին հայկական ասացվածքի հերոսի՝ մեղրի մասին յոթ երգ իմացող արջի մերօրյա մարմնավորումը։ ՀՀԿ-ի կառավարման տարիների քաղցր վերհուշը ստիպում է Շարմազանովին ամեն անգամ նորովի կատարել իր իմացած երգը «մեղրի»՝ «30 տարի հաղթած» լինելու մասին։

«Ինչ եք ուզում, հաղթանա՞կ։ Այս կապիտուլյանտ իշխանությունների օրոք դա նույնն է, թե Բրազիլիան ցանկանա հոկեյի աշխարհի չեմպիոնություն նվաճել»,- ֆեյսբուքում, ի լուր ամենքի մտքին զոռ է տվել Շարմազանովը՝ շարունակելով․ «30 տարի հաղթած էինք։
Ու դա փաստել է նաեւ այսօր մեր վրա հոխորտացող Ադրբեջանի ղեկավարը։ Հաղթող էինք 92-ին Շուշիում ու Լաչինում, 93-ին՝ Քարվաճառում, 2016-ի ապրիլին՝ ողջ Արցախում։ Հաղթանակների սիմվոլներին մերժեցիք, հիմա եկել ումի՞ց եք բողոքում։ Բաքվի բռնակալը հիմա մեծ-մեծ լեզվին է տալիս։ Բա առաջ տենց խոսեիր, այ «բիզիմդիր»…Հազիվ 2016-ի հոկտեմբերին Սերժի ժամանակ լացում էիր, որ «ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը»։ Բայց սա եղել է մեր հասարակության ընտրությունը։ Ամեն ինչի համար մենք պետք է պատասխան տանք։ Բոլորս եւ յուրաքանչյուրս»։

Պարոն Շարմազանովը ՀՀԿ-ի կառավարման տարիներին ֆեյսբուքյան էջ չուներ, բայց եթե ունենար էլ, չէր հասցնի «մեյդան գալ» ու պատասխանել «հաղթանակների սիմվոլների» բանակցային ջանքերի մասին մեկը մեկից զգլխիչ գնահատականներին, քանի որ օրումեջ ստիպված էր լինում յուրային ԶԼՄ-ներին ռազմահայրենասիրական քոմենթներ տալ Ադրբեջանի նախագահի հերթական ռազմատենչ  հայտարարության կամ «բլթոցի» վերաբերյալ։

Շարմազանովին առաջարկում ենք որոնել իր «ազգանունը»+ «Ալիեւ»+ «ռազմատենչ»+ «հայտարարություն» բառերն ու  հաշվել, թե Ալիեւը քանի՞ անգամ է մեծ-մեծ լեզվին տվել ու քանի անգամ է ինքն իր թեթեւ տեղը է՛լ ավելի թեթեւացրել ու պատասխանել Բաքվի բռնակալին։ 

Ու քանի որ, ՀՀԿ-ական նախկին պատգամավորը որոշել է հիշել 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ալիեւի արած հայտարարությունը՝ «ստիպում են ճանաչել  Ղարաբաղը», ապա պարոն Շարմազանովին Սերժ Սարգսյանի բերանով ասված մեկ այլ վկայություն հիշեցնենք․ երբ 2011-ին Կազանում «հաղթանակի սիմվոլ» Սերժ Սարգսյանը պատրաստվում էր ՀՀ-ի կողմից «գրավված» 7 շրջանները թողնել հեռանալու՝ Ադրբեջանին հանձնելու մասին փաստաթուղթ ստորագրել, Ալիեւը «բիզիմդիր» արեց Սերժ Սարգսյանին՝ գրպանից հանելով մի թուղթ, որի վրա գրված էին 10 նոր առաջարկներ։

Շարմազանովը երբեւէ հարցրե՞լ է ՀՀԿ-ի «օջախի հայր», հարգապատիվ Սերժ Ազատիչին, թե այդ ի՞նչ նոր պայման-առաջարկներ էր ներկայացրել Ալիեւը, եւ արդյոք դրանցում հոլովվել էին նաեւ Շուշի եւ Քարվաճառ տեղանունները։ Մինչ ԱԺ նախկին փոխխոսնակը սույն հարցով պարզաբանում կխնդրի իր կուսղեկից՝ մեջբերենք Ալիեւի՝ Շարմազանովի ինտերպրետացիայով մեջբերված խոսքն ամբողջությամբ․ «Փակ դռների հետևում մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ փակագծեր, քանի որ կան դիվանագիտության որոշ կանոններ։ Ադրբեջանը երբե՛ք չի համաձայնի գնալ այդ քայլին» ( haqqin.az, 2016 թ․ հոկտեմբերի 10)։

Զգացի՞ք  կոնտեքստի տարբերությունը (բանալի բառը՝ «երբե՛ք»)։  

Հ․ Գ․ Քանի որ, ՀՀ-ի դեմ սանձազերծված քարոզչական պատերազմի «վարձկանների» խմբում ակտիվորեն ներգրավված են նաեւ նախկին իշխանության ներկայացուցիչներն ու նրանց հաստիքային ստատուսչիները, ապա թերեւս նրանց հիշեցնենք «հաղթանակի սիմվորներից» մեկի՝ Սերժ Սարգսյանի՝ 2014 թ-ին «Արմյուզին» տված հարցազրույցից մի  հատված․ «Ակնհայտ է, որ 90-ական թվականների մեր հաղթանակը պայմանավորված էր ոչ միայն այն հանգամանքով, որ մենք պաշտպանում էինք մեր տունը, պայմանավորված էր ոչ միայն մեր զինվորների ու սպաների հերոսությամբ, մեր մարդկանց տոկունությամբ, այլ պայմանավորված էր նաև Ադրբեջանի հասարակության մեջ տիրող խառնաշփոթությամբ:

Մենք շատ մեծ ինֆորմացիա էինք ստանում հենց Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումներից (սա չի նշանակում, որ նրանք մեր գործակալներն էին, կամ մենք նրանց հետ հատուկ հարաբերություններ ունեինք), մենք կարողանում էինք ճիշտ ինֆորմացիա քաղել նրանց գործողությունների մասին, նրանց հայացքների, կարողությունների մասին: Այդ հանգամանքը, անշուշտ, որևէ մեկը չի մոռացել, չեն մոռացել նաև ադրբեջանցիները:

Եվ երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է եւ այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին:

Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին՝ որոշ դեպքերում և որոշ հարցերի շուրջ լինել զուսպ։ Ես նրանց կոչ չեմ անում մեր դեմ չպայքարել: Ընդդիմությունը նրա համար է, որպեսզի պայքարի իշխանությունների դեմ, բայց երբ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակ է, երբ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է հակառակորդին ոգևորելը լավ բան չէ»:

Հուսանք, որ Շարմազանովն ու նրա գաղափարակից ընկերները հաջորդ  անգամ ալիեւավարի՝ մեծ-մեծ բրդելիս կհիշեն «դասականի» շինիչ հորդորն ու զուսպ կլինեն, քանի որ, հակառակորդին ոգեւորելը, շա՜տ մեղմ ասած, լավ բան չէ։  

Ելենա Ազատյան