Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանի կարճ ամփոփումը մանդատից հրաժարվելու առիթով

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանի կարճ ամփոփումը մանդատից հրաժարվելու առիթով
Քաղաքականություն
12:38, 05 апрель 2021
ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պատգամավորական գործունեության ավարտի մասին ու ներկայացրել կարճ ամփոփում այս կապակցությամբ.

«Երևի ենթադրվում է, որ երկար տեքստ պետք է գրեմ՝ ամփոփելով շուրջ երկու տարվա պատգամավորական գործունեությունս, փոխարենը ուղղակի կարճ ասեմ, թե ինչ եզրահանգման եկա այս երկու տարում։

Խորապես համոզված եմ, որ մեր պետության հաջողության գրավականն է միմյանց նկատմամբ սեր տածող, ներողամիտ, ուրիշի սխալը սեփական ջանքով ուղղելուն ունակ և աշխատանքի մշակույթ ունեցող հանրություն ունենալը։

Մնացածը, որքան էլ ավելի կարևոր թվա, երկրորդական է»,- գրել է նա:

Օրեր առաջ հայտնել էինք, որ, «Հայկական ժամանակի» տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կնշանակվի արդարադատության փոխնախարար:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդ համարը փաստաբան Միսակ Բաբաջանյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, որ վաղուց ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: «Ես ասել եմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում»,- ընդգծել էր Բաբաջանյանը:

Ցուցակում նրան հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը: Նա վերցնելու է մանդատը: