Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քոչարյանը պատրաստ էր Պոզների եթերում բալալայկա նվագել, միայն թե ի ցույց դներ իր ռուսասիրությունը»․ քաղաքագետ

«Քոչարյանը պատրաստ էր Պոզների եթերում բալալայկա նվագել, միայն թե ի ցույց դներ իր ռուսասիրությունը»․ քաղաքագետ
Քաղաքականություն
17:01, 06 апрель 2021
«Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանցի հաղորդավար Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում  հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ պատասխանատու է արցախյան երկրորդ պատերազմում հայկական կողմի պարտության համար, քանի որ վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացում ստեղծվել էր փակուղի, որն առաջացել էր հայկական կողմի պատճառով։ Քոչարյանի խոսքով՝ հայկական կողմն առաջ է քաշել նոր պահանջներ, այդ թվում՝ արցախյան կողմի ներգրավումը բանակցություններին, որոնք բոլորի մոտ ստեղծել են տպավորություն, թե հայկական կողմը հեռանում է առարկայական բանակցություններից։ 

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, մեկնաբանելով պատերազմի սանձազերծման և պարտության մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը,  նշեց, որ պատերազմի փաստը ինքնին ցույց է տալիս, թե հայկական դիվանագիտությունը ձախողվել է, սակայն, ըստ Ղևոնդյանի, Քոչարյանը մանիպուլյացիոն հնարք է կիրառում՝ ամբողջ պատասխանատվությունը թողնելով գործող իշխանության վրա, ինչը չի համապատասխանում իրականությանը։ «Մեղավոր են բոլոր իշխանությունները՝ սկսած 1994 թվականից։ Խնդիրը իհարկե հայակական դիվանագիտությունն է, սակայն ոչ թե վերջին երկու տարվա, այլ վերջին 25 տարվա», - ասաց Ղևոնդյանը։ 

Civic.am-ի հարցին, թե կոնկրետ ե՞րբ են բանակցությունները հայտնվել փակուղում, քաղաքագետը նշեց, որ ինչ-որ վճռական պահ նշելը բավականին դժվար կլինի։ «Կարելի է ասել, որ փակուղին հենց սկզբից էր, երբ հայկական կողմերը թեև պատերազմի դաշտում ունեին հաղթանակներ, սակայն դիվանագիտական դաշտում այդ հաղթանակները չկապիտալացվեցին», - ասաց Ղևոնդյանը։ Ղևոնդյանի կարծիքով, եթե կար «ոչմիթիզականության» մտադրություն, ապա պետք էր վարել համապատասխան թե՛ արտաքին դիվանագիտություն, թե՛ ներքին պատրաստվածություն ձևավորել, կամ պետք էր առկա տարբերակներից մեկին համաձայնել և թույլ չտալ, որ խնդիրը հասներ նրան, ինչ ունենք այսօր։

Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի այն պնդումը, թե Ռուսաստանը Հայաստանին չի դավաճանել և պատերազմը ինքը չի հրահրել, իսկ Հայաստանում շրջանառվող հակառուսական թեզերը հիմնականում տարածում են այն ուժերը, որոնք դժգոհ են Հայաստանում ռուսական կողմնորոշումից՝ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց․ «Նախ Ռուսաստանը Հայաստանի ամուսինը չէր, որ դավաճաներ կամ չդավաճաներ։ Ռուսաստանն ունի իր շահերը և գործում է ըստ դրանց։ Այլ հարց է, որ Հայաստանում տարիներ շարունակ ձևավորվել է այնպիսի մտայնություն, թե Ռուսաստանը Հայստանի եղբայրն է կամ պարտավոր է Հայաստանին ինչ-որ բան։ Ռուսաստանը պարտավոր չէ Հայստանին ոչ մի բան, և շատ հարցերում, երբ Հայաստանի և Ռուսաստանի շահերը չեն համընկնում Ռուսաստանը գործում է Հայաստանի շահերի դեմ, և դա նորմալ է»։

Ըստ Ղևոնդյանի, Քոչարյանի հարցազրույցը ընդամենը ցույց է տալիս, որ ոչինչ չի փոխվել։ Նա նորից պատրաստ է նշանակվել բարձր պաշտոնի, նորից Ռուսաստանի շահերը առաջ տանել Հայստանում՝ հաշվի չառնելով հայոց պետականության շահերը։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի Պոզներին տված հարցազրույցը,  նշեց, որ Բաքուն և Անկարան կարող են իրենց մեծ շնորհակալությունը հղել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև վերջինս «դույլերով ջուր լցրեց» թուրք-ադրբեջանական պրոպագանդայի ջրաղացին։ 

Քոչարյանի խոսքերը Մեհրաբյանը բնորոշեց որպես երեսպաշտություն։ Ռուսաստանը, ըստ Մեհրաբյանի, հետպատերազմական ստատուս քվոյի ճարտարապետներից մեկն է։  

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պրոռուսական հայտարարություններին և Ռուսաստանին սիրաշահելու փորձերին՝ Մեհրաբյանն ասաց․ «Եթե պատկերավոր ասեմ, ապա Քոչարյանը՝ երաժշտական տաղանդ ունենալու դեպքում, կարող էր նաև բալալայկա նվագել  եթերով, միայն թե ի ցույց դներ իր ռուսասիրությունը։ Սրանով Քոչարյանը ուզում էր ռուսներին բան հասկացնել, բան խնդրել, բան մուրալ»։

Քոչարյանի պատկերացրածը, ըստ քաղաքագետի, այն է, որ Ռուսաստանը Հայաստանը վերածի «գուբեռնիայի» և իրեն նշանակի «գուբեռնատոր»։ «Հետևապես, այո՛, նա պետք է մուրա ինչ-որ կոշտ միջամտություն, որի արդյունքում իրեն կնշանակեն այս տարածքի նայող։ Դա է իր երազանքը», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Ռուսաստանը, սակայն, չի կարող նման բան անել, քանի որ Մեհրաբյանի կարծիքով, հայ ժողովուրդը դա չի հանդուրժի, բայց պետք է  ֆիքսել, որ Ռուսաստանում կա նման շրջանակ, որոնք համակարծիք են այդ մոտեցմանը։ 

Վովա Հակոբան