Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ խնդրի հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը

ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ խնդրի հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը
Քաղաքականություն
11:06, 18 август 2022
ԱՄՆ-ը վստահ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու «պատմական հնարավորությունը» դեռ պահպանվում է։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Չնայած անհաջողություններին, մենք, ինչպես նախկինում, համարում ենք, որ ունենք այդ հնարավորությունը: Մենք միշտ հասկացել ենք, որ դա երբեք չի լինելու գծաձև գործընթաց: Մենք համարում ենք, որ շարունակական երկխոսության, մշտական փոխգործակցության, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ճանապարհով մենք կկարողանանք անել ամեն հնարավորը՝ հասնելու համար երկարաժամկետ համապարփակ խաղաղության»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Փրայսի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «վերջերս հնարավորություն ունեցավ շփվելու Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ»։ «Մենք խորը մտահոգություն ենք հայտնել վերջին ռազմական գործողությունների առնչությամբ... որոնք հանգեցրել են զոհերի: Մենք կոչ ենք արել անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և կողմերի միջև հետագա սրում թույլ չտալու համար»,- հավելել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Իրավիճակի վերջին սրումը, շարունակել է Փրայսը, «ընդգծում է հակամարտության հետ կապված մնացած բոլոր հարցերը բանակցությունների ճանապարհով համապարփակ և կայուն կարգավորմամբ լուծելու անհրաժեշտությունը…»:

«... Մենք մտադիր ենք շարունակել աշխատել կողմերի հետ: Մենք շարունակելու ենք դա անել... որպեսզի երկրներին օգնենք հասնելու երկարաժամկետ և համապարփակ խաղաղության»,- եզրափակել է դիվանագետը: