Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսներն էլ լավ գիտեն, որ Քոչարյանը մարած քարտ է, մարած ֆիգուր է և չի կարող իշխանության գալ․ արդարադատություն լինելու է

Ռուսներն էլ լավ գիտեն, որ Քոչարյանը մարած քարտ է, մարած ֆիգուր է և չի կարող իշխանության գալ․ արդարադատություն լինելու է
Քաղաքականություն
18:18, 06 апрель 2021
«Ռոբերտ Քոչարյանը  բացարձակ ոչ մի շանս չունի քաղաքական լուրջ դերակատար դառնալու, ընտրություններում ձայն հավաքելու և հաղթելու համար։ Քաղաքական դերակատար դառնալու Քոչարյանի նպատակը միայն  քրեական պատասխանատվությունից  խուսափելու համար է։ Որ ցույց տա, թե ինքը քաղաքականությամբ է զբաղվում, բայց իրեն հետապնդում են»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վարդան Մալխասյանը։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ Քոչարյանը նաև զգում է, որ ընտրությունների արդյունքում գուցե իշխանությունը փոխվի և նոր եկածներն ավելի խիստ գտնվեն, բռնել-բաց թողնելով չզբաղվեն, «բռնեն ու մեխեն իրեն»։ 

«Քաղաքականության օրենքներն են այդպիսին։ Եթե նախկին մեղավորներին չես պատժում, դու չես կարող կայանալ։ Հիմա Քոչարյանը նաև դրանից է վախենում։ Ինքը շատ լավ գիտի, որ ոչ մի շանս չունի։ Ռուսներն էլ լավ գիտեն, որ ինքը մարած քարտ է, մարած ֆիգուր է  և չի կարող իշխանության գալ։ Նա վաստակել է ժողովրդի ճնշող մեծամասնության, եթե ոչ ժողովրդի 90 տոկոսի հակակրանքը։ Ուկրաինայի՝ Յանուկովիչի օրինակը Ռուսաստանի համար դաս եղավ, որ երբ ժողովրդի  աջակցությունը չվայելողին բերում են իշխանության, չի ստացվում, ամբողջն են կորցնում։ Այնպես որ անգամ Ռուսաստանի աջակցությամբ Քոչարյանը չի կարող որեւէ շանս ունենալ»,- ընդգծեց Մալխասյանը։
 
 Մեր զրուցակցի խոսքով՝ անգամ Քոչարյանի ունեցած անսահմանափակ կարողությունը չի կարող օգնել նրան շահել հայ ժողովրդի համակրանքը, ստանալ ՀՀ քաղաքացու քվեն.«Հիմա, երբ իր ճակատագրի հարցն է որոշվում, նա հանել է իր փողերի տոպրակը, աջ ու ձախ շաղ է տալիս։ Բայց ինչքան էլ ժողովրդին մեղադրենք, ասենք՝ ժողովրդի քաղաքական գիտակցութունը ցածր է, մեր ժողովուրդը իմաստուն է և շատ լավ հասկանում է, թե ով է մեղավոր և ինչի համար պետք է պատասխան տա»։
Մալխասյանի խոսքով՝ դժվար թե մեր ժողովուրդը Քոչարյանին այնքան ձայն տա, որ նա դերակատար դառնա ապագա իշխանության մեջ։ «Դա աբսուրդ է։ Կրկնում եմ՝ անգամ եթե Քոչարյանը մի ձայնի համար 1000 դոլար բաժանի, ինքը չի կարող հասնել իշխանության։ Դա անկարելի բան է։ Հայ ժողովուրդը արդարադատության  ծարավ է և գիտի, թե իրեն ով է հասցրել այս վիճակին։ Մազոխիստ չէ, որ իրեն այդ վիճակին հասցնողներին բերի, նորից իշխանության ղեկը հանձնի իրենց»,-ասաց Մալխասյանը՝ ավելացնելով, որ Քոչարյանը կողոպտել, անարգել է  հայ ժողովրդին, մեր երկիրը, մեր ունեցածը դարձրել է սակարկման ու առևտրի առարկա ու եթե այդքանից հետո ժողովուրդը նրան նորից կբերի իշխանության, ուրեմն արժանի է հենց նման ղեկավարի։ «Ամեն ժողովուրդը արժանի է իր ընտրած իշխանությանը»,- եզրափակեց Մալխասյանը։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ևս նույն կարծիքին է։ Քոչարյանը ամեն ինչ անում է, որ ցույց տա, թե ինքը մեղավոր չէ, ինքը բոլոր շանսերը ունի քաղաքական գործիչ դառնալու, նորից իշխանության գալու համար, բայց դա չի իրականանա.«Ես ուշադիր լսել եմ նրա հարցազրույցը։ Ինչ ասում էր՝ սուտ էր ասում։ Ուզում է մասնակցել ընտրություններին, թող մասնակցի, իր իրավունքն է, բայց չեմ հասկանում, թե ինչն է կրելու։ Չեմ կարծում, որ կարող է անցողիկ շեմը անգամ հաղթահարել։ Քոչարյանը պետք է ամաչեր ու ասպարեզ դուրս չգար։ Եթե մի քիչ նամուս ունենար նա պետք է չերևար, չխոսեր, ոչ մի բան չաներ ու գլուխը կախ ապրեր։  Իսկ եթե հիմա ակտիվացել է, ոչ մի բան նրան չի փրկի պատասխանատվությունից  խուսափփել։ Արդարադատություն լինելու է »,- ընդգծեց Քլոյանը։ 

Արփի Հարությունյան