Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտվում է հենց առաջին օրից. եթե չխախտվեր, ապա հայ ռազմագերիներ Բաքվի բերդերում չէին լինի. Ստյոպա Սաֆարյան․ ուղիղ

Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը երեկ հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել: Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էլ Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին ասել էր, թե օգոստոսի 25-ից հետո ռուսական զորք այդ տարածքում չի լինելու, ուստի անհրաժեշտ է մինչև ամսվա վերջ լքել տները։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի պահվածքը բավականին շատ դրվագներով բացատրության կարիք ունի, թերևս պատահական չէր, որ Փառուխի և Քարագլխի դեպքերից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը թե՛ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, թե՛ նաև հանդիպման ընթացքում բարձրացրել էր այդ հարցը, ըստ որում, եթե Փառուխի դեպքում  անհասկանալի էր մնացել, թե ինչու են Արցախի պաշտպանական ստորաբաժանումներին իջեցրել դիրքերից, որոնք հետո զբաղեցվեցին ադրբեջանցիների կողմից և հրաժարվեցին հետ գնալ, ապա Լաչինի դեպքում  կրկին շատ են տարօրինակությունները այլ առումով։

«Նախ՝ երբ ընթերցում ենք նոյեմբերի 9-ի, 10-ի եռակողմ հայտարարությունը, ապա 6-րդ կետը նշում է, որ երեք տարվա ընթացքում երթուղին է համաձայնեցվում։ Այսինքն՝ երեք տարվա ընթացքում երթուղու շինարարության մասին խոսք չկա։ Ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը պատրաստվել է գերազանցապես Մոսկվայի կողմից, և այդտեղ ներառված ցանկացած դրույթ ուղղակիորեն կապ ունի իր ստրատեգիական հեռահար նպատակների հետ։ Բայց Ադրբեջանը շտապեց կառուցել Շուշին շրջանցող  ճանապարհը և պարտադրանքի առաջ կանգնեցրեց հայկական կողմին՝ ստիպելով իրականացնել 6-րդ կետի պայմանավորվածությունը ավելի վաղ ժամկետներում։ ՀՀ  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կամ հենց նույն Նիկոլ Փաշինյանը խոսեցին այն մասին, որ Ադրբեջանի ներկայացրած պահանջը լեգիտիմ չէ։ Այսինքն՝ ամենևին համահունչ չէ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ որքան էլ Արցախի քաղաքական իշխանությունները հայտարարել էին, որ հայկական բնակչությունը պետք է լքի այդ բնակավայրերը, Ռուսաստանի այս հայտարարությունը մի քանի վարկածի առիթ է տալիս։

Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ ըստ էության փորձ արվեց այս ամբողջ իրավիճակը ստեղծել և փորձել իրավիճակի պատասխանատվությունը թողնել Հայաստանի իշխանությունների վրա։

«Կարծում եմ ՝ դա չստացվեց, որովհետև սա այն դարն է, որտեղ տեքստերը կարդում են, և պատմովի չէ, բացատրովի չէ, համոզովի չէ, քարոզովի չէ, բոլորս ենք հասկանում, որ նոյեմբերի 9-ից հետո Լաչինում Հայաստանի էֆեկտիվ վերահսկողություն անգամ գոյություն չունի, որովհետև ՀՀ ԶՈՒ բոլոր ստորաբաժանումները նաև այդ հատվածից դուրս են բերված, և նոյեմբերի 9-ի, 10-ի հայտարարությամբ այդ տարածքում եթե որևէ մեկն ունի իրավասություն, ապա դա   Ռուսաստանն է, Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտն է, և այս կտրվածքով այն, ինչ կարող էր կատարվել այնտեղ, բնականաբար հնարավոր չէր լինի գործնականում գցել հայկական կողմի վրա, անգամ արցախյան կողմի վրա։ Ցավալիորեն, նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտվում է հենց առաջին օրից. եթե այդ հայտարարությունը չխախտվեր, ապա հայ ռազմագերիների մի մասը տակավին Բաքվի բերդերում չէր լինի»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան