Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուզում է դաշինքով գնա, ուզում է միայնակ՝ միևնույն է. Քոչարյանը քաղաքական լուրջ դերակատար չի կարող դառնալ․ 1in.am

Ուզում է դաշինքով գնա, ուզում է միայնակ՝ միևնույն է. Քոչարյանը քաղաքական լուրջ դերակատար չի կարող դառնալ․ 1in.am
Քաղաքականություն
13:15, 07 апрель 2021
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության անդամ, «7»-ի գործով նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը (Լեդի)։

– Պարոն Հակոբյան, Ռոբերտ Քոչարյանը կրկին հարցազրույց է տվել, վերահաստատել է արտահերթ ընտրություններին մասնակցելու և հաղթելու մտադրությունը։ Դուք այս իշխանությունների մեղքը տեսնո՞ւմ եք նրանում, որ Քոչարյանը բանտում գտնվելու փոխարեն ներկայումս դարձել է քաղաքական լուրջ դերակատար։

– Ընտրություն լինի, թե չլինի՝ Քոչարյանը չի կարող քաղաքական լուրջ դերակատար լինել։ Ուզում ես դաշինքով գնա կամ միայնակ գնա՝ միևնույն է։ Ժողովուրդը տեսել է Քոչարյանի աշխատանքը, ոճը, դերակատարումը։ Այս ամենը նրա դրածն է։ Նրա մեղքն է, որ մենք այսօր այս վիճակում ենք։ Ոչ մեկի հիշողությունից չի ջնջվել 2008 թվականը։ Հիմա ինչքան էլ ուզում է հարցազրույցներ տա, դաշինք կազմի, կոալիցիա կազմի, համախմբի բոլորին՝ դա իրեն չի փրկի։

– Այսինքն՝ Քոչարյանը ոչ մի շանս չունի՞ ընտրություններում ձայն ստանալու, ներկայացվածություն ունենալու Ազգային ժողովում։

– Ինձ թվում է՝ նա չնչին ձայն կհավաքի, հետո Ազգային ժողովում կոալիցիա կկազմի «Բարգավաճի» ու Դաշնակցության հետ։ Էն ժամանակներից էլ այդ ուժերն են եղել իր միակ հենարանը։ Խելքս չի կտրում, որ ուրիշ կուսակցություններ միանան իրեն։ Քոչարյանին մի քիչ կօգնի Ղարաբաղի ժողովուրդը, որը այստեղ է հիմա, բայց դա թիվ չի կազմի։ Իսկ Հայաստանի ժողովուրդը նրան ձայն չի տա։ Դա անհնար է։

– Իսկ իրենք կարո՞ղ են ընտրությունների ժամանակ այնպիսի գործողությունների դիմել, որ հետո կասկածի տակ դրվի ընտրությունների լեգիտիմությունը, կամ ազդեն ընտրությունների ելքի վրա։

– 
Ես կարծում եմ, որ դա իրենց մոտ չի ստացվի։ Ես համոզված եմ, որ ընտրությունները նորմալ կանցնեն։ Իրենք աշխատելու են իրենց մեթոդներով ինչ-որ բաներ անել, բայց ներքին օղակներում նորմալ կլինի։ Միակ մտահոգությունը ԿԸՀ-ն է, որը չի փոխվել։ Եթե իրենք կարողանան ԿԸՀ-ի վրա մեծ ճնշում, ֆինանսական ճնշում գործադրել, գուցե ինչ-որ բան ստացվի, բայց մնացած այլ մեթոդների համար իրենք ռեսուրս չունեն։

– Պարոն Հակոբյան, Մարտի 1-ի գործը բավական լուրջ վտանգի տակ է։ Քոչարյանը կարող է Սահմանադրական դատարանի որոշման հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ինչպե՞ս եք գնահատում այս վիճակը, երբ ամեն պահի Մարտի1-ի գործը կարող է փլուզվել։

– Մարտի 1-ի գործը հենց սկզբից էլ փլուզված էր, որովհետև եթե ցանկություն կար Մարտի 1-ի գործը բացահայտելու, ապա պետք էր ներքին օղակներից սկսել, ոչ թե հենց Քոչարյանից։ Պետք էր ներքին օղակներից սկսեին ու բարձրանային վերև։ Միայն այդ պարագայում ամեն ինչ պարզ կլիներ։ Բայց իրենք Քոչարյանից սկսեցին, ուրիշ ոչ մեկին չկպան, իսկ ներքին օղակների մեղավորներն էլ, տեսնելով, որ իրենց ոչ մի բան չի սպառնում, բոլորը երկրից հեռացան, բոլորին տարան սիրուն ճանապարհեցին Ռուսաստան, ու էլ մարդ չմնաց։ Այդ պարագայում բնական է, որ այդ գործը պետք է փլուզվեր։

– Դուք հիմա որևէ շանս տեսնո՞ւմ եք Մարտի 1-ի գործի բացահայտման համար, որ գոնե որևէ մեկը պատասխանատվության ենթարկվի 2008-ի գործողությունների համար։

– 2008-ի գործողությունների համար ոնց կարող է որևէ մեկը պատասխանատվության ենթարկվել, եթե 2008-ին դատապարտվածները դեռ արդարացված չեն առ այսօր։ Դրա համար էլ իրենք ճիշտ են դուրս գալիս։ Նիկոլ Փաշինյանը եթե ուզում էր, որ Մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտվեր, ապա առաջին քայլը պետք է լիներ այն, որ հետամուտ լինեին, որպեսզի 2008-ին բոլոր դատապարտվածները շատ արագ արդարացվեին։ Կոնկրետ ես դեռ արդարացված չեմ։ Ես հիմա որպես հանցագործ եմ, և դեռ ապացուցված չէ, որ ես մեղավոր չեմ։ Նույնը՝ Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար էլ պետք է դրանից սկսեին, ոչ թե արխային ընկնեին։ Բայց արխային ընկան, դրա համար էլ այսօր այս վիճակն է։ Իրենք ոչ մեկին չարդարացրին, դրանց էլ չկպան. ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Աղվան Հովսեփյանն, ոչ մյուսներին։ Իսկ Քոչարյանին կալանավորելով իրենք մաքրեցին Քոչարյանին ու բարձրացրին նրա ռեյտինգը, քան ուներ մինչ այդ։

– Պարոն Հակոբյան, իսկ Դուք ակնկալո՞ւմ եք, որ արտահերթ ընտրություններով ի վերջո վերջ կդրվի ներկա վիճակին, ներքաղաքական ճգնաժամը կհանգուցալուծվի։

– Ոչ։ Ես չեմ մտածում, որ վիճակը կհանդարտվի, ամեն ինչ կնորմալանա։ Ամեն ինչ այսպես շարունակվելու է։ Մարդիկ բաժանվել են երկու մասի՝ ամեն մեկը դիմացինին ասում է թուրք։ Այնպես որ, վիճակը գնալով ավելի է վատանալու։ Տնտեսությունը ավելի է հետ գնալու, արտադրություն չունենք։ Լավ է գոնե ճանապարհը փակ է, մարդիկ չեն կարողանում գնալ երկրից։ Ճանապարհները բաց լինեին, հիմա էս երկրում էլ մարդ չէր մնացել։ Երկրում հիմա այն վիճակն է, որ պետք է երկրի մասին մտածել, ոչ թե աթոռի։ Բացի դրանից, ընտրություններից հետո՝ ինչ տեսակ արդյունք էլ լինի, մի կողմը դժգոհ է լինելու, ու լարվածությունը անընդհատ պահպանվելու է։ Ամենավատ զարգացումները կարող են լինել, մեկը մյուսին վարկաբեկելով առաջ են գնալու, ու ամենավատ ձևով մարդիկ սրվելու են իրար նկատմամբ։ Ոչ մի լավ զարգացում ես չեմ սպասում ընտրություններից հետո։