Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Նիկոլ Փաշինյանը այստեղ չէ՝ նրան հոգեպես կզեկուցեն, որ այսպիսի ակցիա է եղել․ Տիգրան Քոչարյան (բլոգեր Փիղ)

Այսօր Կառավարության դիմաց ՎԵՏՕ-ի և ՀՓՇ-ի կանայք, այդ թվում Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ցուցարարները փորձեցին ներխուժել Կառավարության շենք, որից հետո ոստիկանությունը բերման ենթարկեց մի խումբ կանանց: Եվ թե ում էին ուզում հանդիպել Կառավարությունում` դժվար է ասել, որովհետեւ վարչապետը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ։

Բողոքի ակցիային մասնակցող Տիգրան Քոչարյանը (բլոգեր Փիղ), պատասխանելով Civic.am-ի հարցին, թե ի՞նչ նպատակով է նման բողոքի ակցիա անցկացվում, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում, ասաց․ «Նման ակցիան առաջին հերթին իրազեկման ակցիա է, երկրորդը՝ եթե Նիկոլ Փաշինյանը այստեղ չէ՝ նրան հոգեպես կզեկուցեն, որ այսպիսի ակցիա է եղել եւ հետո դա ակցիա անողների խնդիրը չէ, նրանք մեղավոր չեն, որ վարչապետը որոշել է ապրիլի 7-ին գտնվել Մոսկվայում, ոչ թե այստեղ։ Սա ոչ թե Փաշինյանի դեմ բողոքի է, այլ վարչակարգի դեմ, որի գլխավերեւում կանգնած է Նիկոլ Փաշինյանը»։

Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք նորմալ է, որ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ կակաչներ եւ տարբեր իրեր են նետել, այն դեպքում, երբ ոստիկաններից շատերը վերջին պատերազմի մասնակից են, Քոչարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ամեն ոստիկանի համար պատասխան տալ, բայց պատերազմին մասնակցած ոստիկանը այսպիսի արդյունքներից հետո ոստիկանությունից դուրս կգար։ Եթե ես լինեի ոստիկան՝ ժամանակվորապես դուրս կգայի կամ կփորձեի չառնչվել այն մարդկանց հետ, ովքեր արդարացիորեն պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»։