Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«1920-ականների քարտեզներով ՀՀ-ում ոչ մի «ադրբեջանական անկլավ» չկա, իսկ Ադրբեջանին տրված 1500 քառ/կմ տարածքը ՀՀ-ինն է»․ Ռուբեն Գալիչյան

«1920-ականների քարտեզներով ՀՀ-ում ոչ մի «ադրբեջանական անկլավ» չկա, իսկ Ադրբեջանին տրված 1500 քառ/կմ տարածքը ՀՀ-ինն է»․ Ռուբեն Գալիչյան
Քաղաքականություն
16:37, 26 август 2022
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է առաջնահերթ նկատի ունենալ այն փաստը, որ դեռեւս 1920-30-ական թթ․-ին ՀՀ սահմաններից մոտ 1500 քառակուսի կիլոմետր տարածք տրվել է Ադրբեջանին, որովհետեւ Ադրբեջանը նպատակ ուներ քրդաբնակ շրջաններ ստեղծելու՝ ոտնահարելով հայ գյուղացու բոլոր իրավունքները․ «Կարմիր Քուրդիստանը» չստեղծվեց, բայց արոտավայրերը մնացին Ադրբեջանին։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը։ Նրա խոսքով՝ իրավական ճանապարհով այս խնդիրը հնարավոր է լուծել․ «Արխիվներում կան այս մասին փաստաթղթեր, գյուղացիների նամակներ, որոնք նաեւ ես եմ կարդացել»։

Ռուբեն Գալիչյանը շեշտեց՝ հայաստանյան պաշտոնյաներից որեւէ մեկն իրեն այս հարցով չի դիմել, բայց հույս ունի, որ նման հարցերը նկատի կունենան․ «Իրավական տեսանկյունից մենք կարող ենք պահանջել մերը։ Բացի այդ, Ադրբեջանի սահմանադրությունն ասում է, որ ինքը ժառանգն է 1918-1920թթ․-ի Ադրբեջանի առաջին հանրապետության, ոչ թե ԽՍՀՄ-ի, ուստի մինչեւ 1936թ․-ը ՀՀ-ում «ադրբեջանական անկլավ» գոյություն չուներ։ Իսկ Նախիջեւանի հարցն այդ ընթացքում կարելի է բարձրաձայնել, որովհետեւ այն հանձնվեց կոմունիստ իշխանության կողմից, որին Ադրբեջանը չի ճանաչում։ Իրենց իսկ սահմանադրությունն է ասում, որ ՀՀ-ում անկլավ չեն ունեցել, ուստի, ինչո՞ւ են պահանջում»։

Մասնագետը նշեց՝ թեեւ 2020թ․-ի նոյեմբերի 9-ին փաստաթղթում քարտեզների մասին խոսք չկա, բայց Ադրբեջանը չպետք է այլ հնար ունենա, քան գործը խորհրդային սահմաններից սկսելը․ «Սահմանագծում սկսելու առաջին քայլն այն է, որ Ադրբեջանը պետք է վերադառնա իր ընդունած խորհրդային սահմաններին, հետո մենք պետք է վերադառնանք 1920-ականների քարտեզներին։ Դրանցով մենք ՀՀ-ում ոչ մի «ադրբեջանական անկլավ» չենք ունենա, եւ Ադրբեջանին տրված 1500 քառակուսի կիլոմետր տարածքները կլինեն մերը։ Թեեւ մենք մինչեւ օրս չենք տեսել այդ քարտեզների բնօրինակը, բայց փոքրացված տեսակները կան եւ հրատարակվել են խորհրդային առաջին մեծ հանրագիտարանում։ Այդ քարտեզներով ՀՀ-ն ու Արցախն ունեն սահման, Արծվաշենը, Ալ լճերը ՀՀ տարածքում են, իսկ այլ անկլավներ չկան։ ԽՍՀՄ գլխավոր շտաբը վավերացրել է դրանք։ Այդ քարտեզները շատ մանրակրկիտ են։ Ադրբեջանն այսօր կեղծել է այդ քարտեզները եւ այլ քարտեզներ է ցույց տալիս, իրենց զինվորներն էլ դրանք ձեռքին՝ մեր սահմանապահներից տարածքներ են պահանջում։ Ադրբեջանը պետք է վերադարձնի ՀՀ-ից զավթած տարածքները եւ զորքերը դուրս հանի այսօր ՀՀ սահմաններից ներս մտած տարածքներից»։

Ռուբեն Գալիչյանը նաեւ ընդգծեց՝ եթե սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը կայանա առանց իրավական հիմքերը հաշվի առնելու եւ այն հապճեպությամբ, որով Ադրբեջանին հանձնեցին Բերձորի շրջանը, ապա Հայաստանը նոր տարածքային կորուստներ կունենա։ 

aravot.am