Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ունենք առաջնային խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել միայն կառավարության հետ ներդաշնակ աշխատանքի միջոցով. Բերդի համայնքապետի ՔՊ թեկնածու․ տեսանյութ

Սեպտեմբերի 25-ին հանրապետության մի շարք համայնքներում կանցկացվեն Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ ՏԻՄ ընտրություններ անցկացվելու են նաև Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում։ Բերդ համայնքն իր մեջ ներառում է Բերդ քաղաքն ու 16 գյուղական բնակավայր՝ 22.500 ընտրողով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Բերդի ՏԻՄ ընտրություններին 60-հոգանոց համամասնական ցուցակով է մասնակցելու։ Ցուցակը գլխավորում է Վահրամ Սուքիասյանը։ 

Ցուցակում ներառված են տարբեր մասնագիտությունների տեր անձինք՝ ուսուցիչներ, բժիշկներ, մտավորականներ, նաև՝ բանվորներ։ «Ներգրավված են գրեթե բոլոր խավերը։ Աշխատող մարդկանց անհնար է չգնահատել։ Ինձ համար մարդը բարձրագույն արժեք է»,- ասաց Վահրամ Սուքիասյանը։

Սուքիասյանը եղել է ավագանու անդամ, վերջերս է լիազորությունները վայր դրել։ Երկար տարիներ աշխատել է  նաև ԱԻՆ Բերդի փրկարար ծառայությունում՝ փրկարարից հասնելով մինչև ղեկավար պաշտոնի։ 2021 թվականից մինչ օրս Վահրամ Սուքիասյանը Բերդի միասնական սոցիալական ծառայության տնօրենն է։ 

Համայնքի խնդիրներին Սուքիասյանը ծանոթ է։ Կան խնդիրներ, որոնք կարող է համայնքն ինքնուրույն լուծել, սակայն խնդիրների մի մասն էլ անհնար է լուծել առանց կառավարության աջակցության։ «Ունենք առաջնային խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել միայն կառավարության հետ ներդաշնակ աշխատանքի միջոցով։ Առանց համատեղ աշխատանքի ոչ մի արդյունք չենք ունենա»,- նշում է համայնքապետի ՔՊ-ական թեկնածուն։  

Սուքիասյանը բարձր է գնահատում սուբվենցիոն ծրագրերի դերը համայնքում։ Նշում է, որ վերջին տարիներին բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել համայնք-կառավարություն ներդրումներով, սակայն տեմպերը նվազել են։ Պատճառը, ըստ Վահրամ Սուքիասյանի, համայնք-կառավարություն ոչ ներդաշնակ աշխատանքի հետևանք է։

Բերդի բնակիչները, ըստ Սուքիասյանի, կկատարեն ճիշտ ընտրություն։ Իրենք էլ գալիս են սպասարկելու ոչ թե մեկ կամ մի քանի մարդու շահեր, այլ յուրաքանչյուր բնակչի շահը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան