Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը թեժ աշուն է խոստանում, սակայն գալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում է միայն ՀՅԴ-ն՝ ընդամենը 4 համայնքում

Ընդդիմությունը թեժ աշուն է խոստանում, սակայն գալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում է միայն ՀՅԴ-ն՝ ընդամենը 4 համայնքում
Քաղաքականություն
18:03, 31 август 2022
Այս տարվա սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։

Արագածոտնի մարզում ընտրություններ կլինեն Թալին և Ծաղկահովիտ համայնքներում, Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակում, Լոռու մարզում՝ Ալավերդի, Գյուլագարակ, Տաշիր և Լոռի բերդ համայնքներում, Կոտայքի մարզում՝ Չարենցավան, Բյուրեղավան, Ակունք և Ջրվեժ համայնքներում, Շիրակի մարզում՝ Անի համայնքում, Սյունիքի մարզում՝ Սիսիան և Քաջարան համայնքներում, Վայոց ձորի մարզում՝ Եղեգիս և Արենի համայնքներում, Տավուշի մարզում՝ Բերդ համայնքում։

Տեղեկացնենք, որ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, որտեղ առաջադրվել են երկու թեկնածու՝ անկուսակցական Ջասմ Մախմուդովը և «Քաղաքացիական պայմանագրից» Անզոր Ուռուսյանը։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 17 համայնքներում, հայտ չի ներկայացրել միայն Ճամբարակում։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունից որպես առանձին կուսակցություն ընդամենը 4 համայնքներում մասնակցում է միայն ՀՅԴ-ն։ 

Ծաղկահովիտ համայնքում ընտրություններին կմասնակցեն «Քաղաքացիական պայմանագիրը», «Հզոր համայնք» դաշինքը, որում ընդգրկված են նաև «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները, «Լուսավոր Հայաստան», «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցությունները։

Թալինում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Կայունություն», «Արդար Հայաստան», «Ապրելու երկիր», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները։

Ճամբարակում՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը։

Գյուլագարակում՝ «Հանուն ժողովրդի» դաշինքը, որի կազմում ընդգրկված են նաև «Ռեֆորմիստների» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները, «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։

Ալավերդիում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայ ազգային կոնգրես», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները։

Լոռի բերդում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հանրապետություն» կուսակցությունները։ 

Տաշիրում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Միասնական համայնք» դաշինքը, որի կազմում ընդգրկված են «Արդարություն», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։ 

Չարենցավանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն», «Միասնական համայնք» դաշինքը, որի կազմում ընդգրկված են «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Ակունքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Համախմբում դաշինքը», որի կազմում ընդգրկված են «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։

Բյուրեղավանում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Արդար Հայաստան», ՀՅԴ կուսակցությունները, ինչպես նաև «Միասնություն» դաշինքը, որի կազմում ընդգրկված են ԲՀԿ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։

Ջրվեժում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ 

Անիում՝ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը և «Ազգ-համայնք» դաշինքը, որի կազմում ընդգրկված են «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» և «Ռեֆորմիստների» կուսակցությունները։

Սիսիանում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Մեկ Հայաստան»,  «Ապրելու երկիր», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», ՀՅԴ կուսակցությունները, ինչպես նաև «Աշխատանք և Արդարություն» դաշինքը, որի կազմում ընդգրկված են «Համերաշխություն» և « Վերածնվող Հայաստան» կուսակցությունները, և «Զարգացող համայնք» դաշինքը, որի կազմում ընդգրկված են «Արդարություն» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։

Քաջարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունները, ինչպես նաև «Դեպի միասնություն» դաշինքը, որի կազմում ընդգրկված են «Արդարություն» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։

Արենիում՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։

Եղեգիսում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատական», «Վերելք» կուսակցությունները։

Բերդում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես նաև «Արժանապատիվ սերունդ» դաշինքը, որի կազմում ընդգրկված են «Արդարություն» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները և «Զորավոր համայնք» դաշինքը, որի կազմում ընդգրկված են «Ռեֆորմիտսների» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։