Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես երկար տարիներ պայքարել եմ գողության դեմ և չեմ կարող լինել ձայնի գող. Տավրոս Սափեյանը՝ մրցակիցներին. տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թալինում ՔՊ-ն քարոզարշավն սկսեց այսօր՝ Դիան համայնքից։ ՔՊ-ի Թալինի նախընտրական ցուցակը գլխավորում է Թալինի համայնքպետի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը։ Դիանից հետո Տավրոս Սափեյանը քարոզարշավը շարունակեց Թալին խոշորացված համայնքի Ագարակավան և Պարտիզակ բնակավայրերում։

Նա լսեց բնակիչներին հուզող հարցերը և խոստացավ ընտրվելուց հետո ոչ միայն կիսատ մնացած գործերն ավարտել, այլև մյուս խնդիրները կարգավորել։ Այս համայնքներում ամենամեծ խնդիրը, որ հուզում էր բնակիչներին՝ ոռոգման ջրի խնդիրն էր, և Տավրոս Սափեյանը խոստացավ այնպես անել, որ սարից իջնող ջուրը հավասար բաշխվի բոլոր բնակավայրերի միջև։

Ամփոփելով այսօրվա քարոզարշավային օրը, Տավրոս Սափեյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժողովուրդն իրենց շատ լավ ու բարձր տրամադրությամբ ընդունեց և վստահ է, որ ժողովուրդը կանգնելու է ՔՊ-ի կողքին, իր կողքին և սեպտեմբերի 25-ին այն իր տրամաբանական ավարտին է հասցնելու։

Խոսելով նաև այն մասին, որոշ ԶԼՄ-ների գրել են, թե ինքը ձայնի գող է, Տավրոս Սափեյանն ասաց․«Ես ինքս երկար տարիներ պայքարել եմ ընդդիմադիր դաշտում, իմ ընտանիքի հետ և այսօր, փառք Աստծո, իշխանություն ենք արդեն և պայքարում ենք կայքերի, կուսակցությունների դեմ, որոնց դեմ 2003-ին, 2008-ին, 2018-ին էլ ենք պայքարել։ Մենք այն մարդիկ ենք, որ ժողովրդի կողքին ենք կանգնած, ոչ թե սուտ խոսելու։ Ինձ անվանում են ձայնի գող, բայց բոլորը գիտեն, որ ես պայքարում եմ գողության դեմ, ես ինքս  չեմ կարող լինել ձայնի գող»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Թադևոսյան