Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե խոսքը Պուտինի հետ համատեղ խաղի մասին չէ, ուրեմն Ալիեւը Պուտինին հարվածում է Էրդողանի ցուցումով․ Հակոբ Բադալյանը՝ գերիների մասին

Եթե խոսքը Պուտինի հետ համատեղ խաղի մասին չէ, ուրեմն Ալիեւը Պուտինին հարվածում է Էրդողանի ցուցումով․ Հակոբ Բադալյանը՝ գերիների մասին
Քաղաքականություն
10:53, 09 апрель 2021
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ 

Ալիեւը չէր գնա Պուտինի դեմ այդպիսի ցինիկ դեմարշի, եթե չունենար ավելի ուժեղ աջակցություն: Հասկանալի է, աջակցություն իր ղեկավարից՝ Էրդողանից: Ըստ այդմ, կարծում եմ, եթե խոսքը Պուտինի հետ համատեղ խաղի մասին չէ, որտեղ Ալիեւի ձեռքով է հարվածի արժանանում Փաշինյանը, ուրեմն Ալիեւը Պուտինին հարվածում է Էրդողանի ցուցումով: 

Հատկանշական է, որ գերիների հարցում իրավիճակը փոխվում է այսպես ասած վերջին պահին, իսկ Պուտին-Փաշինյան եւ Պուտին-Ալիեւ շփումները ընթանում են Անկարայում Էրդողան-ԵՄ ղեկավարություն շփմանն ու սկանդալային պատմությանը զուգահեռ: Արդյո՞ք Պուտինին հաջողվել էր Փաշինյանի ու Ալիեւի հետ շփումներով հասնել մի պայմանավորվածության, որին վերջին պահին միջամտել է Էրդողանը:

Չունենալով ստույգ տեղեկատվություն այդ դերակատարների քայլերի մոտիվի մասին, մենք իհարկե կարող ենք դիտարկել միայն հնարավոր վարկածներ: Այդ թվում եւ այն, որ Կովկասում Պուտինի համար ստեղծելով խնդիր, Էրդողանը կարող է ակնկալել այլ ուղղություններում նրանից կորզել իր խնդիրները լուծելու հարցում որոշակի քայլեր: Իսկ այստեղ թարմ ուղղությունը լարվող Ուկրաինան է, օրինակ:


Իսկ որքանով է իրատեսական Պուտին-Ալիեւ հարվածը Փաշինյանին: Տեսականում բացառված չէ ոչինչ, բայց արդյո՞ք այդտեղ կա այնքան կարեւոր մի խնդիր, մի հարց, որ Պուտինը անգամ իր հեղինակության հաշվին կգնա այդպիսի քայլի: Չեմ տեսնում դրա ռացիոնալ անհրաժեշտությունը, որովհետեւ ՌԴ նախագահն այդ իմաստով չունի լծակի պակաս: Այլ հարց է, որ ավելի լայն մոտիվացիայով ստեղծված իրավիճակը թե ռուսաստանյան, թե Հայաստանի տնտեսա-քաղաքական շրջանակներ փորձեն օգտագործել Փաշինյանի դեմ իրենց պայքարում: