Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր ժողովուրդն ունի անհրաժեշտ իմաստնություն՝ այս օտարերկրյա դեսանտներին իրենց տեղը դնելու. Արման Բաբաջանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ու Կարեն Կարապետյանի մասին․ տեսանյութ

«Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունները բավականին սուղ են, վարչապետի՝ կառավարության նիստից առաջ ունեցած ելույթի բովանդակությունն էլ կարծես շատ խոսուն չի, և դա վկայում է այն մասին, որ հանդիպումն ինքնին շատ մեծ լավատեսության տեղ չի թողնում։ Պայմանավորվածությունները՝ արտգործնախարարների մակարդակով շարունակելու աշխատանքը, հատկապես խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքի առումով, ևս բավականին մտահոգիչ զարգացումներ են այդ ճակատում»,- մեկնաբանելով Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը՝ Civic.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։   

Նա նշեց, որ հուսադրող է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես հետևողական է իր պատկերացումների, իր հանձնառության մեջ՝ խաղաղության դարաշրջան բացելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու, Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը մնում է անփոփոխ, և ըստ ներքին շրջանառվող տեղեկությունների՝ մինչև տարեվերջ կա այդպիսի նպատակադրում։ 

Խոսելով նաև վերջին շրջանում ընդդիմադիր շրջանակների կողմից շրջանառվող երկու գործիչների՝ ռուսահայ գործարար Ռուբեն Վարդանյանի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ակտիվ քաղաքականություն մտնելու մասին՝ Արման Բաբաջանյանն ասաց, որ  այն ընդվզումը, որ, ինչպես տեսնում ենք, եղավ սոցիալական մեդիայում, Ռուբեն Վարդանյանի՝ ղարաբաղցիների և հայաստանցիների միջև խզման մասին հայտարարությունից հետո, կսթափեցնի Ռուբեն Վարդանյանին և նրա խամաճիկ շրջանակներին, այդ թվում նրա կուսակցությանը, որոնք թաքցնում են իրենց առնչությունները նախկին վարչակարգի հետ և Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ ուղիղ առնչությունները։ 

«Մենք հասկանում ենք, որ Ռուբեն Վարդանյանը միակը չի, և նրան հաջորդելու են այլք, այդ թվում՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, պատրաստվում է գալ, բայց կարծում եմ՝ մեր ժողովուրդն ունի և՛ անհրաժեշտ հասունություն, և՛ իմաստնություն այս բոլոր ռուսական դեսանտներին ուղղակի իրենց տեղը դնելու և իրենց ցույց տալու, որ այս շատ վտանգավոր հայտարարություններով չեն կարող հայ ժողովրդի հավաքական հույզերի վրա ազդել և դրանով փորձել Հայաստանում անթույլատրելի փոփոխությունների հասնել»,- ասաց Արման Բաբաջանյանը։
Վերջինս նշեց, որ Ռուբեն Վարդանյանը փակ հանդիպումների ժամանակ  բաց տեքստով ասում է, որ Հայաստանի վարչապետ է ուզում դառնալ։

Արման Բաբաջանյանի խոսքով՝ պետք է Ռուբեն Վարդանյանի և Կարեն Կարապետյանի անցած հետագիծը նկատի ունենալ։ 

«Բոլորը պետք է իմանան, որ ամբողջ 2000-ականների շրջանում Ռուբեն Վարդանյանը ոչնչով չի առանձնացել, երբ ժողովրդի իրավունքներն էին ոտնահարվում։ Նա ոչ մի անգամ հայ ժողովրդի կողքին չի կանգնել, երբ հայ ժողովրդին գնդակահարում էին Երևանի կենտրոնում, ծեծում էին Բաղրամյան պողոտայում՝ 2004 թվականին, մենք չենք տեսել Ռուբեն Վարդանյանին, երբ քաղաքացիական, հասարակական, բնապահպանական ինչ կատակլիզմների առաջ է կանգնած եղել երկիրը։ Եվ իր այդ բարեսիրական և բարեգործական կերպարը, որ փորձում են իր փիառ մասնագետները նրանից կերտել, ոչինչ արժե, որովհետև Ռուբեն Վարդանյանը, կարծում եմ, պարտավոր է նաև բացահայտել, թե ինքը ինչ կապ ունի «Ամուլսարի» հետ և ինչքան բաժնեմաս ունի։ Դրա մասին էլ պատմել է  իր շատ մտերիմ ընկերը՝ Արցախի իշխանավորներից։ Եթե ինքը իրեն խելոք չպահի, ես կբացահայտեմ նաև այդ գաղտնիքները և կբացահայտեմ, թե Սերժ Սարգսյանի հրահանգով ինքը ինչ բաժնեմաս ունի «Ամուլսարում»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան