Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու նախագիծը ԱԺ-ում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր հերթական նիստում որոշեց ԱԺ-ում առաջինից երկրորդ ընթերցմամբ  24 ժամյա ռեժիմով կազմակերպել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը։

Նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառության ընթացքում ծագած խնդիրների լուծումն է:

Ըստ նախագծի՝ խնդիրը կայանում է նրանում, որ ծրագիր իրականացնող կազմակերպությունների կողմից հաշվետու տարվա արդյունքներով վնասներ ունենալու պարագայում ստացվում է, որ կազմակերպությունները չեն ապահովում շահութահարկի արտոնության կիրառության համար օրենքով սահմանված նախապայմանը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում կազմակերպությունների ստացվող եկամուտները, ինչպես նաեւ ծախս չեն համարվում ծրագրի իրականացման շրջանակներում կազմակերպությունների կողմից կատարվող ծախսերը։ Նախագծով առաջարկվում է կարգավորել նաեւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ) իրականացնելու դեպքում հարկերի հաշվարկման հետ կապված հարաբերությունները: