Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանդիպումները ՌԴ նախագահի հետ կարող են արագ ընթացք տալ խաղաղության պայմանագրին, բայց մենք պետք է խոսենք մեր բոլոր գործընկերների հետ. Սոնա Ղազարյան․ տեսանյութ

«Խաղաղության պայմանագրի մասին մենք խոսել ենք թերևս քարոզարշավի ընթացքում և մենք դրա դիմաց մանդատ ենք ստացել, այսինքն՝ Հայաստանի համար դժվար օրերից հետո մենք, այնուամենայնիվ, համարձակություն ենք ունեցել և քարոզարշավը կառուցել ենք խաղաղության օրակարգի շուրջ և դրա դիմաց ստացել ենք բավականին լուրջ քվե։ Եվ ստանձնելով այդ մանդատը՝ մենք մեր խոստումներից հետ չենք կանգնելու, ինչքան էլ փորձեն մեզ թիրախավորել, և ընդդիմությունն ինչ-որ անհասկանալի թեզեր տանի»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ խաղաղության պայմանագրով իրենք երաշխավորելու են ՀՀ ինքնիշխանությունը և արցախահայության իրավունքների պաշտպանությունը։ Նա նշեց, որ խաղաղության պայմանագրով գուցե սահմանափակվեն միայն Հայաստան-Ադրբեջան օրակարգով և ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքների ու անվտանգության հարցերը տեղափոխեն կամ թերևս պահպանեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ֆորմատում։

Սոնա Ղազարյանը նաև նշեց, որ եթե խաղաղության պայմանագրի հինգ պայմաններն ամբողջությամբ բնորոշեին հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի հարցերը,  հայկական կողմն այն արդեն ստորագրած կլիներ։

«Դեռևս աշխատանք կա անելու, և այդ ուղղությամբ պետք է հանդիպումներ տեղի ունենան, որովհետև հայկական կողմն էլ է արձագանքել 5 կետերին, և ընթացիկ աշխատանքներ պետք է տեղի ունենան։ Եվ ես կարծում եմ, որ միջնորդների աջակցությամբ խաղաղության պայմանագիրը պետք է իսկապես այնպիսի տեքստ ստանա, որ ընդունելի լինի հայկական կողմի համար»,- ասաց Սոնա Ղազարյանը։        

Պատգամավորը նաև նշեց, որ իրենք գնահատում են բոլոր այն ֆորմատները, որոնք այս պահին գոյություն ունեն, դրանք են՝ Շառլ Միշելի գլխավորությամբ տեղի ունեցող ակտիվ հանդիպումները, Տոյվո Կլաարի գլխավորությամբ, սակայն Ռուսաստանի Դաշնության դերն առանձնանում է նրանով, որ նրանք են երաշխավորը ԼՂ անվտանգության, և ռուս խաղաղապահներն են, որ երաշխավորում են անվտանգությունը և մարդկանց ապրելու իրավունքն այս պահի դրությամբ։

«Հանդիպումները ՌԴ նախագահի հետ կարող են արագ ընթացք տալ խաղաղության պայմանագրին, բայց մենք պետք է խոսենք մեր բոլոր գործընկերների հետ: Եվ ես կարծում եմ, որ հայ դիվանագիտության ճկունությունը, որով աչքի է ընկել վերջին շրջանում, շատ պտղաբեր է  այդ առումով»,- ասաց Սոնա Ղազարյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան