Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոնֆլիկտը ավարտված չէ, իսկ միջազգային իրավունքով՝ չավարտված կոնֆլիկտի ընթացքում ցանկացած մարդ, ով ընկնում է գերի, նա ռազմագերի է. Էդմոն Մարուքյան

Կոնֆլիկտը ավարտված չէ, իսկ միջազգային իրավունքով՝ չավարտված կոնֆլիկտի ընթացքում ցանկացած մարդ, ով ընկնում է գերի, նա ռազմագերի է. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
14:33, 09 апрель 2021
Այդ կռիվը արդեն 6 ամիս գնում է: Իրենք ասում են, որ մեզ մոտ ռազմագերիներ չկան՝ նրանք հանցագործություն են կատարել:

Մենք պնդում ենք, որ կոնֆլիկտը, որը գոյություն ունի, դեռ ավարտված չէ: Միջազգային իրավունքով չավարտված կոնֆլիկտի ընթացքում ցանկացած մարդ, ով ընկնում է գերի, նա ռազմագերի է: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Խնդրին ծանոթ ենք: Մոնիտորինգի հանձնաժողովի նիստերը փակ են, դուք գիտեք: Էդ նիստերի ժամանակ Հայաստանից երկու  մարդ է մասնակցում՝ մեկը ես»,- նշեց Մարուքյանը, մանրամասնելով, որ քննարկումների ժամանակ իրենք բարձրաձայնել են այն հանգամանքը, որ չկա վերջնական խաղաղության վերաբերյալ ստորագրված փաստաթուղթ, որի հիման վրա կարելի է ասել, որ կոնֆլիկտն ավարտված է և դրանից հետո, ով որտեղ գերի ընկնի ուրեմն հանցագործ է, սահման է խախտել, ապա մեր գերիները ռազմագերիներ են:

«Կոնֆլիկտը ավարտված չի և սա միջազգային իրավունքի ամենակարևոր փաստարկներից ա, որը ես չեմ լսել, որ դեռ որևէ մեկը ասի: Այդ փակ նիստի ժամանակ ես այդ մասին խոսել եմ»,- նշեց Մարուքյանը:  

Անդրադառնալով Ադրբեջանի վրա միջազգային ճնշում ստեղծելու հարցին՝ պատգամավորը նշեց, որ դրա համար պետք է ունենալ արտաքին քաղաքական թիմ: Այդ թիմը պետք է այդ ճնշումը կազմակերպի.

«Հիմա եկեք նայենք՝ այդ ճնշումներ կազմակերպողները ովքեր են. Նիկոլ Փաշինյանը, արտ. գործ. նախարարը, Ռուբեն Ռուբինյանը: Այդ մարդկանցից դուք սպասում եք, որ արտաքին միջազգային կոալիցիա կձևավորեն, որը կճնշի՞ Ադրբեջանին և Թուքրիային: Անհնա՛ր է, իրենք չե՛ն կարող ոչ մի բան անել: Այլ բան է, որ ժողորդին անընդհատ ստերով կերակրելով բաներ են ասում»:

Ըստ Մարուքյանի՝  նրանք անգամ չգիտեն, որ կոնֆլիկտը ավարտված չէ, և, քանի որ ավարտված չէ, այդ ընթացքում ով ընկնի գերի, ռազմագերի է. «Այդ պարզ տեքստը չեն կարողանում ասել: Ասում են՝ պետք չի թշնամություն և այլն: Այսպիսի բաներ են խոսում»:

Հարցին՝ արդյոք փակուղային իրավիճակ չի՞ ստեղծում Ադրբեջանի արտ. գործ. նախարարի հայտարարությունը, թե գերիների հարցը փակված է, Մարուքյանը պատասխանեց, որ աշխարհում փակուղային իրավիճակ չկա և բոլոր հնարավոր լծակները պետք է կիրառել՝ ներքին և արտաքին քաղաքականության մեջ. «Այլ բան ա՝ դու կիրառելու համար ֆիգուրներ ունե՞ս, որ էդ ֆիգուրները ճիշտ գործողություններ կատարեն: Ես ասում եմ, որ չունենք, ֆիգուրներին պետք ա փոխել և մեր ժողովուրդը պետք ա էդ գործողությունը կատարի»: