Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճապոնիան դիտարկում է Հայաստանը որպես կարևոր գործընկեր. դեսպան Ֆուկուշիմա

Ճապոնիան դիտարկում է Հայաստանը որպես կարևոր գործընկեր. դեսպան Ֆուկուշիմա
Քաղաքականություն
19:03, 07 сентябрь 2022
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:

Հանդիպման սկզբում նախարարի տեղակալը և դեսպանը փոխանակել են Հայաստանի և Ճապոնիայի վարչապետների, ինչպես նաև ԱԳ նախարարների շնորհավորական նամակները՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ նշելով տարեդարձի կարևորությունը երկկողմ օրակարգն առավել զարգացնելու տեսանկյունից։


Երկուստեք կարևորվել են հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, համագործակցության ակտիվացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում:

Վահե Գևորգյանը բարձր է գնահատել Ճապոնիայի կողմից ՀՀ անկախացումից ի վեր իրականացված բազմաթիվ ծրագրերը՝ ուղղված Հայաստանի կարողությունների զարգացմանը:

Իր հերթին դեսպան Ֆուկուշիման շեշտել է, որ Ճապոնիան դիտարկում է Հայաստանը որպես կարևոր գործընկեր՝ ազատ և բաց աշխարհի կայացման տեսանկյունից:


Կողմերն անդրադարձել են նաև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի և փոխգործակցության ակտիվացմանը՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա պատմությունը նոր խթան կհաղորդի համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհին: