Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիսիանում մեծ թափով մեկնարկեց ՔՊ նախընտրական քարոզարշավը

Սիսիանում մեծ թափով մեկնարկեց ՔՊ նախընտրական քարոզարշավը
Քաղաքականություն
22:03, 07 сентябрь 2022
Սեպտեմբերի 25-ին հանրապետության մի շարք համայնքներում կայանալու են ՏԻՄ ընտրություններ, այդ թվում` Սիսիան խոշորացված համայնքում։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այստեղ առաջադրել է Արմեն Հակոբջանյանի թեկնածությունը։

Այսօր ՔՊ-ն մեծ հանրահավաքով մեկնարկեց իր քարոզարշավը, որին ներկա էին ոչ միայն ավագանու թեկնածուները, այլև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ։  

Ավագանու թեկնածուները նշեցին այն աշխատանքները, որոնք իրականացվել են վերջին մեկ տարվա ընթացքում, երբ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր Արմեն Հակոբջանյանը։ Ներկայացվեցին նաև ծրագրերը, որոնք կառավարության հետ համատեղ են պլանավորում իրականացնել` առաջիկա տարիների ընթացքում։  

Հակոբջանյանն ասաց, որ մեկ տարվա ընթացքում հասցրել է խորքային կերպով ծանոթանալ համայնքի խնդիրներին և, չնայած պաշտոնավարման սկզբում համայնքապետարանում առկա անառողջ մթնոլորտին և դիմադրությանը, իրեն հաջողվել է իրավիճակ փոխել և բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչել, լուծել առաջնային խնդիրները։  

Ելույթներով հանդես եկան նաև պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Ալեքսանյանն ու Կարեն Համբարձումյանը։

Սիսակ  Գաբրիելյանը նշեց, որ կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում կրթական խնդիրներն ու դպրոցաշինությունը, նշեց, որ Սիսիանում  կառուցվելու է տիպային մանկապարտեզ։ Գաբրիելյանը հիշեցրեց նաև ուսուցիչների ատեստավորման կարգի մասին, նշելով, որ  ուսուցիչներին հնարավորություն է տրվում մինչև 400,000 դրամ աշխատավարձ ստանալ։  

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ անդրադարձավ մրցակիցներին` Դաշնակցություն ու «Ապրելու երկիր» կուսակցություններին։ «Մեկ միլիոնանոց Երևանում իրենց չի հաջողվում այնքան մարդ հավաքել իրենց հանրահավաքներին, որքան այսօր Սիսիանում է հավաքվել։  Հավանաբար, որոշել են այսպես, բոլոր համայնքներում առաջադրվել ու բոլոր համայնքներում պարտվել և մերժվել»,- ասաց Ալեքսանյանը, ապա շարունակեց․  ««Ապրելու երկիր» կուսակցությունը  ճիշտ կաներ նախընտրական պաստառին Պանամայի քարտեզը նկարեր ու գրավադրված մեքենա»։ Պատգամավորն, ըստ ամենայնի, ակնարկում էր պանամական օֆշորային գոտին և «Մոգո» վարկային կազմակերպությունը, որի տնօրենն է  «Ապրելու երկիր»  կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։  

Միջոցառման վերջում ելույթով հանդես եկավ նաև քաղաքացիներից մեկը, նշելով, որ իր ապրած 70 տարիների ընթացքում նման ծավալների աշխատանքների ականատես չի եղել, իսկ այժմ Սիսիանն ու համայնքները զարգանում են և իրենք հավատում են վարչապետին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և որ ապագան իրենց համայնքում պայծառ է լինելու։