Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը բռնել է մարգինալացման ճանապարհը. Գևորգ Պապոյանը՝ ընդդիմադիրների բոյկոտի մասին․ տեսանյութ

«Հայաստանում թիվ 1 քաղաքական պրոցեսները անցկացվել են, անցկացվում են և անցկացվելու են այս շենքում։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք փողոցում չեն կարողանում 10-15 օրվա մեջ իրավիճակ փոխել և չեն վերադառնում ԱԺ, նրանց սպառնում է մարգինալացում, և դա փաստ է։ Մեր ընդդիմությունը հիմա արագ բռնել է մարգինալացման ճանապարհը»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում խոսելով ընդդիմության՝ ԱԺ նիստերին չգալու մասին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ 

Պատգամավորը նշեց, որ ընդդիմությունը քաղաքական պրոցեսներից դուրս է, նրանք քաղաքականության հետ կապ չունեն։ Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ ինքն ամբողջ ամառ Հայաստանի ողջ տարածքում եղել է, հանդիպել է և ՔՊ-ի համակիրների հետ, ինչպես նաև ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների հետ, և տեղեկացնում է, որ ընդդիմությունը կտրվել է իրենց ընտրողներից։

«Իրենց ընտրողները պահանջում են, որպեսզի իրենք գան ԱԺ և ներկայացնեն իրենց շահերը, ներկայացնեն իրենց կարծիքը, հարցապնդումներ ուղղեն կառավարությանը, նեղը գցեն ԱԺ իշխող խմբակցությանը, ոչ թե փախչեն ԱԺ-ից և ինչ-որ հյուրանոցներում, հով, զով անկյուններում դատարկ հայտարարություններ անեն։ Սա քաղաքական կրկես է իրականում, որտեղ իրենք այս պարագայում հիմնական դերակատարներն են»,- ասաց Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում ընդդիմության նպատակը, երազանքը ԱԺ-ում հայտնվելն է, որովհետև թիվ մեկ քաղաքական ամբիոնը մեր երկրում գտնվում է ԱԺ կարմիր դահլիճում: Այդ ամբիոնին ունենալ հասանելիություն և չօգտագործել այդ ամբիոնը՝ քաղաքական անմեղսունակություն է։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան