Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ը պետք է կոնկրետ գործողությունների գնա․ առնվազն ակնկալում էի, որ Ռուսաստանը պետք է դրսևորեր այնպիսի վարքագիծ, ինչպես Թուրքիան Ադրբեջանի մասով․ Ռուստամ Բաքոյան. տեսանյութ

«Որևէ նոր բան չեն ասում մինչ այս պահը, մենք իրենց գործողություններում միայն դա ենք նկատել, նկատել ենք իշխանատենչություն։ Որևէ սրտացավություն, հոգատարություն պետության, հայրենիքի, ժողովրդի նկատմամբ չենք տեսնում»,- Civic.am-ի հետ զրույցում, խոսելով այն մասին, որ ընդդիմությունը անգամ պատերազմական վիճակում պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Խոսելով նաև ՌԴ-ի մասին՝ պատգամավորն ասաց, որ իր համար անհասկանալի է մեր դաշնակից, բարեկամ Ռուսաստանի վարքագիծը։ 
«Իհարկե, այս պահին ունենք որոշակի արձանագրումներ, բայց այն, որ Ռուսաստանը պետք է դրսևորեր այնպիսի վարքագիծ, ինչպես, օրինակ, Թուրքիան՝ Ադրբեջանի մասով,  ես առնվազն ակնկալում էի և ակնկալում եմ, որ նման ձևակերպումներ Ռուսաստանը պետք է մեր մասով անի, բայց մենք դա չենք տեսնում»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։ 

Նա նշեց, որ ՀՀ-ն դիմել է և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին, և՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, և ՀՀ-ի ակնկալիքն այն է, որ իրենց լիազորությունների տիրությում գործողություններ, քայլեր ձեռնարկեն և պետք է ձեռնարկեն։ 

«Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ը շատ արագ պետք է արձագանքի, ՄԱԿ-ի ԱԽ-ից էլ ակնկալիքներ ունենք, բայց իմ սուբյեկտիվ մոտեցմամբ՝ ՀԱՊԿ-ը պետք է կոնկրետ գործողությունների գնա, քայլեր ձեռնարկի և պաշտպանի ՀՀ անվտանգությունը, և սահմանները չխախտվեն»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։    

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան