Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ագրեսիան պետք է խստորեն դատապարտել. Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հայտարարությունը

Ագրեսիան պետք է խստորեն դատապարտել. Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հայտարարությունը
Քաղաքականություն
21:21, 14 сентябрь 2022
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Արին Կարապետը, Բյորն Սյոդերը հանդես են եկել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է.
 
«Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը կոչ է անում Շվեդիայի կառավարությանը դատապարտել Ադրբեջանի Հանրապետության հարձակումները Հայաստանի Հանրապետության դեմ:
 
Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի ներքոստորագրյալ անդամներս, խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից վերջին լայնածավալ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքում բազմաթիվ թիրախների դեմ։ Առկա են հաղորդագրություններ Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի տարածքում իրականացված ինտենսիվ հրետանային գնդակոծությունների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին, որոնց հետևանքով գրանցվել են բազմաթիվ զոհեր։
 
Մենք կոչ ենք անում Շվեդիայի կառավարությանը և միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այդ հարձակումները և աներկբա կերպով արձագանքել բռնության այս անընդունելի դրսևորմանը։ Շվեդիայի արտգործնախարարը հայտարարություններ է արել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, և որ «երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է»։ Սա բավարար չէ։ Ագրեսիան պետք է խստորեն դատապարտել»: