Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020 թ. նոյեմբերի 9-ին և երեկ Հայաստանում գործում էր «Հոկտեմբերի 27»-ի ուրվականը. Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմության երեկվա գործողությունների մասին. տեսանյութ

«Ձեզ երեկվա գործողությունները որևէ բան չե՞ն հիշեցնում. նոյեմբերի 9-ին նույն բանն էր՝ դարպասները ջարդել, մտնել ներս, գտնել պաշտոնյաներին, փորձել նրանց վրա ճնշումներ գործադրել, իսկ հաջողության դեպքում կրկնել «Հոկտեմբերի 27»-ը։ Ինչի՞, Արարատ Միրզոյանինը ամսի 9-ին սպանության փորձ չէ՞ր։ Նիկոլ Փաշինյանին փնտրում էին, որպեսզի տանեն պատիվ տա՞ն։ Չէ։ Ամբողջության մեջ գործում էր մի ուրվական։ Նոյեմբերի 9-ին և երեկ Հայաստանում գործում էր «Հոկտեմբերի 27»-ի ուրվականը»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ 
 
Նա նշեց, որ այդ ուրվականը շարունակելու է մեզ հետապնդել, քանի դեռ մենք չենք լուծել ուրվականի կառավարման կենտրոնի խնդիրը։
Պատգամավորի խոսքով՝ մարդիկ երեկ այդ էներգետիկայով ԱԺ-ի մոտ եկել էին կոնկրետ մեկ գործողության համար, գործողությունը տեղի չունեցավ, լուսադեմին իրենք արդեն չկային։ 

«Հիմա ես գտնվում եմ իմ աշխատասենյակում, եկեք տեսնեմ՝ իմ ստորագրությունը ոնց եք վերցնում։ Կարող ա համոզում եք։ Բայց ո՞ւր են ցնդել ինքնաբուխ հավաքվածները, որտե՞ղ է այդ հավաքի կնոպկան, այդ ուրվականի կնոպկան որտե՞ղ է, գուցե Ռոբերտ Քոչարյանենց տանն է, իր դղյակներում են։ Այս ամբողջի մեջ շատ կարևոր է, որ մենք գիտակցենք՝ մեր երկրին պետք է համերաշխություն։ Եթե համերաշխության դեմ դուք գործողություն եք անում, դուք կմերժվեք հավերժ, ձեր սերունդներով ևս»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Խոսելով նաև հրադադարի մասին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հրադադարը եղավ Հայաստանի Զինված ուժերի գործողությունների և միջազգային հանրության ճնշման արդյունքում։ 

Նա նշեց, որ եթե մեր զինված ուժերը չկռվեին, միջազգային արձագանքը որևէ նշանակություն չէր ունենա, այսինքն՝ երկու գործոն միաժամանակ աշխատեցին։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան