Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումն անթույլատրելի է. Միրզոյանը՝ Կլաարին

Խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումն անթույլատրելի է. Միրզոյանը՝ Կլաարին
Քաղաքականություն
20:34, 15 сентябрь 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Հայաստանի ձեռնարկած քայլերն ագրեսիան կանգնեցնելու նպատակով։

«Հայկական կողմն անթույլատրելի է համարել նաև Ադրբեջանի զիված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ շեշտել է, որ ադրբեջանական կողմի նման գործողությունները խաթարում են տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղություն հաստատելու ջանքերը՝ այս համատեքստում ընդգծելով միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հասցեական և համարժեք դատապարտումը: Կարևորվել է նաև հրադադարի ռեժիմի պահպանումը և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների շուտափույթ վերացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հարթակի արդյունավետության վերաբերյալ։

Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12-ին Գեղարքունիքի և Սյունիքի մարզի երեք ուղղություններով ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք և դիրքավորվել ու չէին լքում ՀՀ տարածքը: Իսկ 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սանձազերծել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ թիրախավորելով ոչ միայն դիրքեր, այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ,խաղաղ բնակիչների: Օգտագործվում էին հրետանի, ԱԹՍ-ներ: Հայկական կողմը վերջին տվյալներով 105 հաստատված զոհ ունի: Վիրավորվել է 6 քաղաքացիական անձ: Կրակը դադարել է սեպտեմբերի 14-ին՝ 20:00-ից: