Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարարի հետ
Քաղաքականություն
23:41, 15 сентябрь 2022
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

ՀՀ ԱԳ նախարարը խոստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերը։ Երկուստեք շեշտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անվերապահ պահպանման և ուժի կիրառման անթույլատրելիության անհրաժեշտությունը։

Հրադադարի ռեժիմի պահպանման, ադրբեջանական ագրեսիայի հետևանքերի վերացման և նոր ագրեսիայի հավանականության բացառման համատեքստում նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության հստակ, հասցեական ու համարժեք արձագանքի կարևորությունը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման նպատակով գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։