Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փելոսիի այցով ԱՄՆ-ը ցույց է տալիս, որ ՀՀ-ն գտնվում է իր հետաքրքրությունների շրջանակներում, և ՀՀ շահերն իրեն հետաքրքիր են. Արուսյակ Ջուլհակյան. տեսսնյութ

«Այս մարդիկ խաբում են իրենց հետևից գնացող փոքրաթիվ մարդկանց, իրենք խաբում են իրենց ընտրողներին, խաբել են 2020 թվականին՝ ասելով, որ ուր որ է պոկելու են իրենց անհրաժեշտ քանակով պատգամավորների «Իմ քայլը» խմբակցությունից։ Հիմա էլ շարունակում են խաբել՝ ասելով, որ բան չմնաց, ՔՊ խմբակցությունից են պոկելու անհրաժեշտ թվով պատգամավորների՝ կատարելու համար այդ խիստ «ազգանվեր» և «հայրենասեր» գործը՝ պատերազմի ժամանակ երկրի ղեկավարին անվստահություն հայտնելու»,- Civic.am-ի հետ զրույցում, խոսելով ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարության մասին, թե ՔՊ-ից իբր իրենց միացող պատգամավորներ կլինեն, ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։  

Նա նշեց, որ ուզում է բոլորին հիշեցնել, որ չգրված կանոն է եղել ողջ մարդկության պատմության ընթացքում՝ ռազմական գործողությունների ժամանակ, պատերազմի ժամանակ երկրի առաջնորդի հրաժարականը չպահանջել, և չի վարանի դա կոչել հանցագործություն, որովհետև դա ուղղակիորեն ուղղված է երկրի անվտանգությանը և պետականությանը։ 

Խոսելով նաև այն մասին, որ երեկ մի խումբ քաղաքացիներ գնացել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ և խնդրել նրան գալ և «փրկել երկիրը», Արուսյակ Ջուլհակյանն ասաց. «Ինչ վերաբերում է երեկվա այդ զավեշտալի դրվագին, որ իբր այդ «ինքնաբուխ» ցույցի միջից ծնվեց մի ինքնաբուխ պահանջ գնալու Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ և խնդրելու նրան գալ և փրկել, ես կարծում եմ՝ բավականին զավեշտալի սցենար է, և դա մեր հանրության շրջանում միայն ծիծաղ է առաջացնում։ Բոլորը գիտեն՝ ով է Ռոբերտ Քոչարյանը, և որևէ մեկը չի կարող հույս կապել նրա հետ, որ նա առհասարակ ունակ է  որևէ բան փրկել՝ բացի իր թալանածը փրկելուց»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը։

Անդրադառնալով նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարելիք այցին՝ պատգամավորն ասաց, որ Փելոսիի այցը շատ կարևոր այց է, մենք երբևէ չենք ունեցել նման բարձր մակարդակի այց ԱՄՆ-ից, և սրանով ԱՄՆ-ը ցույց է տալիս, որ ՀՀ-ն գտնվում է իր հետաքրքրությունների շրջանակներում, և ՀՀ շահերն իրեն հետաքրքիր են։ 

Մանրամասն՝ տեսանյութում 
                                                              
Լիլիթ Թադևոսյան