Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչ ես ու ՔՊ-ավագանու մյուս թեկնածուներն ու համակիրները մեկնել էինք առաջնագիծ, ընդդիմադիր մրցակիցները Թալինում հակաքարոզ են սկսել և երկրորդ ճակատ բացելու փորձեր կատարել․ Տավրոս Սափեյան

Մինչ ես ու ՔՊ-ավագանու մյուս թեկնածուներն ու համակիրները մեկնել էինք առաջնագիծ, ընդդիմադիր մրցակիցները Թալինում հակաքարոզ են սկսել և երկրորդ ճակատ բացելու փորձեր կատարել․ Տավրոս Սափեյան
Քաղաքականություն
22:53, 17 сентябрь 2022
Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Համայնքների թվում է նաև Թալին խոշորացված համայնքը։ Քանի որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվեց ՀՀ սահմանների վրա, ՏԻՄ-ին մասնակցող ՔՊ թեկնածուները հայտարարեցին, որ դադարեցնում են քարոզարշավը և նրանցից շատերը մեկնեցին առաջնագիծ, որոնց թվում էին նաև ՔՊ Թալինի համայնքապետի թեկնածու Տավրոս Սափեյանը և ավագանու մյուս թեկնածուները։

Սակայն մինչ Տավրոս Սափեյանը, ավագանու մյուս թեկնածուներն ու նրանց աջակցողները խումբ կազմած մեկնել էին առաջնագիծ, Թալինում չորս կուսակցություններ՝ «Ապրելու երկիրը», «Արդար Հայաստանը», «Կայունությունը», «Դաշնակցությունը» մտել են տնետուն և հակաքարոզ արել՝ նշելով, որ ՔՊ-ն է մեղավոր, Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ սահմաններում նման բան եղավ, և այսքան զոհեր ունեցանք։ Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ Թալինի համայնքապետի թեկնածու Տավրոս Սափեյանը։
 
«Սեպտեմբերի 13-ին, երբ սահմանում սկսվեց լարվածությունը, նրանք փոխանակ մեր նման դիրքեր գային, աջակցեին մեր բանակին, մոտ 100 հոգով գնացին ԱԺ-ի մոտ՝ մասնակցելու ընդդիմության հավաքին, որոնք պատերազմի ժամանակ փորձում էին հեղափոխություն անել։  Թալինում իհարկե ժողովուրդը շատ լավ տեսնում է, որ այս մարդիկ ոչ թե երկրի կամ իրենց համայնքի մասին մտածող մարդիկ են, այլ այն ուժերն են, որոնք միայն մտածում են իրենց աթոռի և իշխանության մասին»,- ասաց Տավրոս Սափեյանը։

Տավրոս Սափեյանը նշեց, որ հենց տեղեկությունը ստացան, որ պատերազմ է սկսվել, թիմակիցներով նույն օրը գիշերը ժամը 3-ին Թալինից շարժվել են դեպի Կապան, սակայն ճանապարհին ողբերգական դեպք է տեղի ունեցել և ավտովթարի հետևանքով մահացել է իր խորհրդականը՝ Միհրան Ասատրյանը, և ինքը որոշակի ժամանակ զբաղված լինելով Միհրանին ուղղաթիռով տեղափոխելու գործերով, իր թիմակիցներին միացել է մի փոքր ուշ։

«Ես ևս մեկ անգամ ցավակցում եմ Միհրանի և մյուս զոհերի հարազատներին, բայց ընդդիմադիրները կարծեք թե ավելի շատ ուրախացան սրանից, հավաքվեցին իրար գլուխ, և հասան Բաղրամյան, որ փորձեն իշխանազավթում անեն։ Եվ հիմա ես ստիպված վերադարձել եմ Թալին՝ իմ աջակիցների խնդրանքով։ Նրանք ինձ զանգեցին և հետ կանչեցին՝ նշելով, որ այստեղ էլ երկրորդ ճակատ բացելու փորձեր են կատարվում, և այստեղ էլ կռիվ ունենք տալու»,- ասաց Տավրոս Սափեյանը։

Լիլիթ Թադևոսյան