Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա ամենավախենալու բանը ինքը վախն է. Պարզ ասվեց՝ արեք քայլ, մենք ձեզ կսատարենք. ժամանակն է գործնական հարթություն տեղափոխելու այս ամենը. Ռուբեն Մեհրաբյան․ Ուղիղ

«Նենսի Փելոսիի այցը, կարելի է ասել, պատմական էր և ոչ միայն փաստով, այլև այն  հայտարարությամբ, որը հնչեց Նենսի Փելոսիի կողմից։ Երբ հարց տրվեց Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության և այդտեղից դուրս գալու հեռանկարների մասին, թե ինչ կարելի է ակնկալել ԱՄՆ-ից, պատասխանը հետևյալն էր՝ դա կարող է լինել միայն Հայաստանի որոշմամբ, բայց եթե նման որոշում ընդունվի, ԱՄՆ-ը կսատարի մեզ»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ 

Նա նշեց, որ հիմա ժամանակն է այս ամեն ինչը դետալիզացնելու, կոնկրետացնելու, միջոցառումների պլանի, ճանապարհային քարտեզի վերածելու, իրականացնողների թիմ ձևավորելու, համապատասխան հանձնարարականներ տալու, հաշվետվողականության համակարգ ձևավորելու և արագընթաց ձևով ամբողջ հարցերը լուծելու։  

«Պարզ ասվեց՝ արեք քայլ, մենք ձեզ կսատարենք, հիմա ժամանակն է ոչ թե մտածելու՝ անենք, թե չանենք, մտածած վերջացրած է, հիմա պետք է դետալիզացնել, գործնական հարթություն տեղափոխել այս ամենը։ Հիմա ամենավախենալու բանը ինքը վախն է։ Ես վախենում եմ ձեր վախերից, տղերք։ Ու դա միակ բանն է, որից ես վախենում եմ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։   
 
 Խոսելով նաև այն մասին, որ և՛ Հայաստանում, և՛ ՌԴ-ում որոշ շրջանակներ ՀԱՊԿ-ից դուրս գալու ակցիան անվանեցին հակառուսականության տարածում, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ այդ ակցիային մասնակցել է նաև ինքը, մասնակցել են նաև բազմաթիվ ռուսներ և ուկրաինացիներ։ 

 «Այնպես չէր, որ մենք իրենց ինչ-որ ձևով կոմունիկացրել էինք, թե՝ եկեք մասնակցեք, իրենք ուղղակի իմացել էին, իրենք իրենց մեջ հայտարարություն էին տարածել, և ցանկացողները եկել միացել էին մեզ։ Անցել է արդեն այդ ժամանակը, երբ մեր ցանկացած քայլ պետք է որակվի պրոռուսական, թե հակառուսական, պրոարևմտյան, թե հակաարևմտյան. այսօր կա մի տրամաբանություն, մեկ հարթություն՝ մեր շահերի՞ց է բխում, թե՞ մեր շահերից չի բխում»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։        

Խոսելով նաև այն մասին, թե եթե ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացվի, արդյոք հավելյալ տնտեսական խնդիրներ չե՞ն առաջանա, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ Ռուսաստանի հետ կապերն այսօր կան, վաղը չեն լինելու, Ռուսաստանի շուկան այսօր դեգրադացվում է, իսկ այլընտրանքային շուկաների համար պետք է աշխատի մեր դիվանագիտությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան