Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի ու Մինասյանի արանքում․ ում կընտրի Վահե Հակոբյանը

Քոչարյանի ու Մինասյանի արանքում․ ում կընտրի Վահե Հակոբյանը
Քաղաքականություն
14:59, 12 апрель 2021
Արդարադատությունից արտերկում թաքնվող Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը օրերս «Արմնյուզին» տված հարցազրույցում հայտարարեց, որ իր ոչ մի ընկեր, համախոհ չի լինելու ոչ ոքի ցուցակում, եթե նա ինչ-որ մեկի ցուցակում է, ապա նա ոչ իր ընկերն է, բառի լայն իմաստով, ոչ՝ իր համախոհը։ 

«Ես հայտարարում եմ պաշտոնապես, որ ես երբեք այս ընտրությունների նախաշեմին չեմ սատարելու որեւէ ուժի՝ լինի դա իշխանամետ, իսկ դրանք շատ են, միայն «Իմ քայլը» չի, Նիկոլ Փաշինյանը իշխանամետ ընդդիմադիրների բանակ ունի, լինի՝ իրապես ընդդիմադիր: Իմ ոչ մի ընկեր, համախոհ չի լինելու ոչ ոքի ցուցակում, եթե նա ինչ-որ մեկի ցուցակում է, ապա նա ոչ իմ ընկերն է, բառի լայն իմաստով, ոչ իմ համախոհը»,-ասել է նա: 

Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Մինասյանն իր ընկերն է։ Այդ մասին նա հայտարարեց նաև վերջին ասուլիսի ժամանակ։ Որոշ տեղեկություններով, նաև Մինասյանի միջնորդությամբ է Հակոբյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավորման ժամանակ հասել Սյունիքի մարզպետի պաշտոնին։ 

Սյունիքի նախկին ՀՀԿ-ական ղեկավարներին համախմբած Վահե Հակոբյանը նաև հայտարարել է, որ իրենց կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և չի բացառել Ռոբերտ Քոչարյանին սատարելու հավանականությունը։ 

Civic.am-ը կապ հաստատեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանի հետ, որը նշեց, որ կուսակցությունում չի քննարկվել Միքայել Մինասյանի հայտարարությունը և «դա վերջինիս տեսակետն է, իրենք մասնակցելու են ընտրություններին»։  

Վազգեն Սաղաթելյանը նշեց, որ Վահե Հակոբյանը և Միքայել Մինասյանը բազմաթիվ առիթներով նշել են իրենց ընկերական հարաբերությունների մասին և իրենց հարաբերություններում ոչինչ չի կարող փոխվել՝ ելնելով քաղաքական գործընթացներից, և վստահություն հայտնեց, որ այդ հայտարարությունը չի անդրադառնա ընկերական հարաբերությունների վրա։
Հարցին, թե Միքայել Մինասյանի այդ հայտարարության մեջ չե՞ն տեսնում մեսիջ՝ ուղղված իրենց, Սաղաթելյանը բացասական պատասխան տվեց և վստահություն հայտնեց, որ այդ հայտարարությունը անձնական դաշտում չի եղել, այլ եղել է քաղաքական տեսակետ։

Խոսե՞լ է Վահե Հակոբյանը Միքայել Մինասյանի հետ այդ հայտարարութոյւնից հետո, թե՞ ոչ, Սաղաթելյանը տեղյակ չէր։
Հստակեցմանը, թե հնարավո՞ր է, որ կուսակցությունը համագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ և նույն ցուցակով մասնակցեն ընտրություններին, Սաղաթելյանը ոչինչ չբացառեց և նշեց, որ հստակություն չկա, սակայն պատրաստ են համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ։ Սաղաթելյանը նշեց, որ քննարկումներ են գնում տարբեր ուժերի հետ, սակայն չի կարող հստակ ասել, թե Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկում գնու՞մ է, թե՞ ոչ։
 
Վովա Հակոբյան