Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց», Արցախի նախագահ

«Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց», Արցախի նախագահ
Քաղաքականություն
10:01, 07 февраль 2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հերքել է լուրերը, թե Պաշտպանության բանակն ու Արտգործնախարարությունը կազմալուծվելու են: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերը Արցախի շուրջ, ընդ որում, գլխավորապես հայկական շրջանակներից:

«Ում խելքին ինչ փչում է կամ ում նեղ անձնական շահերն ինչ թելադրում են, այն էլ ասում է՝ առանց մտածելու, որ դրանով հանցավոր կերպով խաղում է Արցախի ճակատագրի ու ժողովրդի նյարդերի հետ:

Մասնավորապես, մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա – Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն: Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին: Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց», - գրել է Արցախի նախագահը:

Նա շեշտել է, որ Արցախի պետական բոլոր մարմիններն աշխատում և աշխատելու են, որքան էլ դժվար պայմաններ ու չկամեցող մարդիկ լինեն: «Սակայն գլխավոր ցավն այն է, որ չկամեցողների մեջ կան նաև հայ ազգի ներկայացուցիչներ: Շատ կուզեի, որ բոլորիս էներգիան ու ջանքերն ուղղված լինեին Արցախի վերականգնման ու զարգացման, անվտանգության ապահովման, կորստյան ցավի սփոփման և գերիների ու անհետ կորածների հիմնախնդրի լուծման ուղղությամբ՝ եղած արժեքներն էլ ավելի թուլացնելու փոխարեն», - եզրափակել է Հարությունյանը: