Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանը նպատակ ուներ Հայաստանի միջով հասնել Նախիջևան՝ Վայոց ձորն ու Սյունիքը անջատելով Հայաստանից». Ռուբեն Գալչյան

«Ադրբեջանը նպատակ ուներ Հայաստանի միջով հասնել Նախիջևան՝ Վայոց ձորն ու Սյունիքը անջատելով Հայաստանից». Ռուբեն Գալչյան
Քաղաքականություն
17:19, 20 сентябрь 2022
Աշխարհագրագետ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի կարծիքով՝ Ջերմուկի ուղղությամբ ձեռնարկված հարձակմամբ, Ադրբեջանը նպատակ ուներ Հայաստանի միջով հասնել Նախիջևան՝ Վայոց Ձորն ու Սյունիքը անջատելով Հայաստանից: 

«Ջերմուկն այդ տարածքի միակ քաղաքն է, որ Վայոց ձորի միջով իջնում և մյուս կողմով մոտենում է Նախիջևանին: Ադրբեջանը նպատակ ուներ Հայաստանի միջով հասնել Նախիջևան՝ Վայոց ձորն ու Սյունիքը անջատելով Հայաստանից: Ջերմուկի վրա հրթիռակոծման նպատակներից մեկը դա կարող էր լինել, չնայած որ դա այնքան էլ հեշտ ճանապարհ չէ, և նրանց համար, իհարկե, ավելի նախընտրելին Սյունիքի սահմանի մոտով անցնելն է:  Բայց նրանք շատ լավ գիտեն, որ Իրանը նման բան նրանց թույլ չի տա: Ջերմուկը հրթիռակոծելով՝ Ադրբեջանը նաև փորձում է ցույց տալ, որ կարող է մեր տնտեսությանը վնասել, որովհետև Ջերմուկը մեր տուրիստական կենտրոններից մեկն է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քարտեզագետ Ռուբեն Գալչյանը:

Ռուբեն Գալչյանը շեշտում է՝ այն հատվածներում, որտեղ ադրբեջանցիները առաջ են եկել, դրանք հայկական տարածքներ են, և գոյություն ունեն քարտեզներ, որոնցով հնարավոր է ապացուցել, որ այդ տարածքները Հայաստանինն են:

«Այդ քարտեզները ժամանակին վավերացվել են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների կողմից, վերջին անգամ 1970 թ.-ին է վավերացվել: Այդ քարտեզները ցույց են տալիս այն սահմանը, որն այսօր Ադրբեջանը հայտարարում է, որ գոյություն չունի: ՀԱՊԿ-ն էլ է ասում, որ մենք սահման չենք գծել Հայաստանի և Ադրբեջանի միջև, սուտ են խոսում: Խորհրդային Միության փլուզումից հետո բոլոր հանրապետությունների սահմանները, որ այսօր գոյություն ունեն, խորհրդային շտաբի քարտեզներով գծված սահմաններ են: Եթե ասում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա գծված սահման, ուրեմն ոչ մի հանրապետության միջև գծված սահման չկա, մինչդեռ իրականում խորհրդային շտաբի քարտեզները հիմք են դրել սահմանները այս կամ այն երկրների, և 30 տարի այդ երկրները գոյություն ունեն այդ սահմանների հիման վրա:

Ադրբեջանը, անարգելով այդ քարտեզները, ասում է՝ էս մերն է, էն մերն է, իսկ հայկական կողմը Ադրբեջանի առաջ չի դնում այդ քարտեզները և Ադրբեջանին ասում՝ եղբայր, գնացեք ձեր տեղը կանգնեք, ինչպես նոյեմբերի 9-ի համաձայնագրում է նշված: Այդ քարտեզները ՊՆ-ում կան, և պիտի այդ քարտեզները պատճենել և տալ բոլոր սահմանապահներին, որ այդ մարդիկ գիտենան որտեղ է սահմանը»,- հայտարարեց Ռուբեն Գալչյանը:

Անդրադառնալով, այսպես կոչված, «միջանցքի» վերաբերյալ խոսակցություններին, քարտեզագետը հայտարարեց.

«Ադրբեջանն ուզում է միջանցք և ուզում է վերահսկել այնպես, ինչպես ինքն է ուզում: Հայաստանի դիրքորոշումն այն է, որ չենք տալու միջանցք, քանի որ Հայաստանը կմասնատվի երկու մասի: Մեր կառավարությունը իրավունք չունի Հայաստանի հողային տարածքի մեկ մասը հանձնել հարևանին:

Եթե մենք Ադրբեջանին իրավունք տանք Մեղրիի ճանապարհով անցնել դեպի Նախիջևան, ապա նրանք իրենց ներքին լսարանի համար հայտարարելու են, որ Հայաստանից միջանցք են ստացել: Մինչդեռ Հայաստանը չի կարող միջանցք տալ, այլ ընդամենը ճանապարհ, որի հսկողությունը կլինի հայկական կողմինը, այդ 45 կմ ճանապարհի վերահսկողությունը կլինի Հայաստանինը»: