Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դավաճանության մեջ մեզ մեղադրողների դղյակները վստահ եմ բոլորդ տեսել եք․ 25 տարի թալանել են բանակը, որը պետք է պահեր այդ հողերը»․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ նորընտիր պատգամավոր Վահագ Ալեքսանյանը, անդրադառնալով հայտնի «ուսապարկերի» հետ կապված գրառմանը, ասաց, որ ուզում է ընդմիշտ փակել թեման՝ ասելով, որ իր գրոտեսքային գրառումը վերաբերել է ընդամենը մեկ պատգամավորի, ով դավաճանել է իր քաղաքական թիմին, դավաճանել է այն ընտրողներին, ովքեր իրեն ձայն էին տվել։ Ալեքսանյանը նշեց, որ քաղաքական դավաճանությունը ևս դավաճանություն է։ 

Լրագրողի մեջբերմանը, թե իրենց թիմին մեղադրում են հայրենիքի դավաճանության մեջ, Ալեքսանյանը նշեց, որ մեղադրողները տարիներ շարունակ աչքի են ընկել նրանով, որ թալանել են Հայատանի Հանրապետությունը, թալանել են բանակը։

«Լկտիությունը հասել է այնտեղ, որ այդ մարդիկ ծաղրում են ՀՀ վարչապետին, զինվորներին թարմ միրգ տալու համար։ Ասում են «ելակով է բանակ պահում», եփած ցորենով երևի պիտի պահեր։ Դավաճանության մեջ մեզ մեղադրողների դղյակները վստահ եմ՝ բոլորդ տեսել եք», -ասաց Վահագն Ալեքսանյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին՝ Ալեքսանյանը հիշեցրեց 2018 թվականին Սերժ Սարգսյանի ելույթը ԱԺ ամբիոնից, որտեղ վերջինս նշեց, որ բանակցությունները գտնվում են փակուղում, ապա ավելացրեց․ «Դրանից հետո ի՞նչ եք ակնկալում, ի՞նչ պետք է լիներ, եթե ոչ պատերազմ», - ասաց Ալեքսանյանը։ Ալեքսանյանը շեշտեց, որ ինքը ընդամենը մի քանի տարի առաջ է ավարտել ժամկետային ծառայությունը և լավ է հիշում, թե ինչպե՞ս էին նախկինները պահում այն բանակը, որը պետք է պահեր մեր հողերը։

Ալեքսանյանը անդրադարձավ այն պնդմանը, թե նախկինները եթե նույնիսկ թալանել են, բայց ամեն դեպքում պահել են Արցախը։ «Վերջերս, կարծեմ նաև բանակում մեկ օր չծառայած, բայց փոխգնդապետի կոչում ստացած Արմեն Աշոտյանն էր նման հայտարարությամբ հանդես եկել, ինչը համարում եմ պղծություն բանակի նկատմամբ», - ասաց Ալեքսանյանը և հավելեց, որ հակամարտող ուժերից մեկը 25 տարի, ունենալով ավելի շատ ռեսուրսներ, զինվել է, իսկ ՀՀ-ում փաստացի տեղի է ունեցել բանակի թալան, և բնականաբար այդ տարիների ընթացքում հասնելու էինք նրան, որ ուժերը դառնալու էին անհամադրելի, որը 2,5 տարում մեզ բեկել ցավոք չի հաջողվել։