Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի համար հայ գերիներին պահելը պետք է դառնա միջազգային գլխացավանք, և մենք ամեն ձևով դրա ուղղությամբ պետք է աշխատենք․ Տաթևիկ Հայրապետյան

«Ադրբեջանական կողմը երեկ էլ ԵԽԽՎ-ում ունեցած քննարկումների ժամանակ հստակ դրսևորեց, որ շատ դեստրուկտիվ է տրամադրված և վերջապես դա նույնիսկ եվրոպացիների համար ակնհայտ դարձավ, երբ  փորձում էին որակել գերիներին որպես ահաբեկիչներ, ինչն անթույլատրելի էր և կոշտ գնահատականների արժանացավ նաև եվրոպացի գործընկերների կողմից»,-այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Նա նաև նշեց, որ Ադրբեջանը փորձելու է այս հարցով մաքսիմալ ցավեցնել մեզ և փորձել անընդհատ մեր ներքաղաքական կյանքում շահարկումների հիմք դարձնել այս թեման։

Խոսելով այն մասին, թե որն է Ադրբեջանի նպատակը՝ պատգամավորն ասաց, որ Ադրբեջանի նպատակները կարող են տարբեր լինել, բայց մենք բավականին ագրեսիվ պետության հետ գործ ունենք, և խնդիրն այն է, թե մենք ինչ նպատակներ ենք մեր առջև դնում և ոնց ենք առաջ շարժվում։    

«Ես մի քանի անգամ շեշտել եմ՝ Ադրբեջանի համար հայ գերիներին պահելը պետք է դառնա միջազգային գլխացավանք, և մենք ամեն ձևով դրա ուղղությամբ պետք է աշխատենք․ խորհրդարանական դիվանագիտություն, Արտաքին գործերի նախարարություն։ Մենք իսկապես շատ ակտիվ,  ինտեսնիվ մեր գործընկերների հետ աշխատում ենք։ Քանի որ որոշակի կապեր ունեմ հարազատների հետ, իրոք այդ իրավիճակը անմարդկային է և դժվար է դրա հետ կապված ինչ-որ հստակ հայտարարություններ անել։ Հատկապես մարդու հույզերի  հետ գործ ունես։ Ադրբեջանն այդ հարցը քաղաքականացնում է, ու մեր խնդիրն է դա դուրս բերել քաղաքականությունից»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը։