Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախընտրական Բերդում որոշ ուժեր հիշել են ՀՀԿ-ական անցյալն ու «հին» մեթոդներ են գործի դրել՝ չխորշելով օգտագործել զոհվածների հարազատներին և պատերազմական իրավիճակը

Նախընտրական Բերդում որոշ ուժեր հիշել են ՀՀԿ-ական անցյալն ու «հին» մեթոդներ են գործի դրել՝ չխորշելով  օգտագործել զոհվածների հարազատներին և պատերազմական իրավիճակը
Քաղաքականություն
14:20, 22 сентябрь 2022
Բերդ խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ, որում առաջադրված է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Արժանապատիվ սերունդ» և «Զորավոր համայնք» դաշինքները: «Զորավոր համայնք» դաշինքի համայնքապետի թեկնածու Հարություն Մանուչարյանը այս պահին կալանավորված է, վերջինս կալանավայրից է մասնակցում այս ընտրություններին, իսկ համամասնական ցուցակի երեք անդամներ էլ անցնում են տարբեր քրեական գործերով։ Հարություն Մանուչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում օրենքով սահմանված ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելու համար։ Այս առիթը Մանուչարյանի թիմակիցները փորձում են ի շահ իրենց օգտագործել՝ մանիպուլացնելով ընտրողներին, թե Մանուչարյանի ընտրվելու դեպքում վերջինս կազատվի կալանավայրից։ Իրականում, սակայն, իրավական գործընթացները որևէ առնչություն չունեն ընտրականի հետ, և խափանման միջոցի փոփոխություն մարդու կարգավիճակը չի ենթադրում։ 

Բացի դրանից, «Զորավոր համայնք»-ը նաև երկրում պատերազմական իրավիճակն է օգտագործում քարոզարշավ, կամ, որ ճիշտ կլինի ասել, կեղտոտ քարոզչություն իրականացնելու համար՝ Ալիևի հարձակումները վերագրելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու ՔՊ թեկնածու Վահրամ Սուքիասյանին։ Մանուչարյանի թիմը չի խորշում նույնիսկ զոհվածների հարազատներին օգտագործել իրենց քաղաքական խաղերում։ Մինչդեռ թշնամու հարձակման օրը Սուքիասյանն իր թիմով գրանցվել է Երկրապահ կամավորական միությունում՝ առաջարկելով անհրաժեշտության դեպքում իրենց թիմին առաջնահերթ կամավորագրել, իսկ մրցակից դաշինքի անդամները կամավորագրվում էին այլ ցուցակներում՝ Երևան գնալու և Երևանի կենտրոնում ցույցեր իրականացնելու ու պետական ապարատը պարալիզացնելու համար։ 

Այսքանով չեն ավարտվում «Զորավոր համայնք»-ի «հերոսությունները»։ Վերջիններս, 20 տարի համայնքային իշխանությունը իրենց ձեռքում պահած լինելով հանդերձ, միաժամանակ համայնքում էական աշխատանքներ իրականացրած չլինելով, զուգահեռաբար հարստանալով, նույնիսկ ապաստարանների հարց լուծած չլինելով և ՔՊ-ին պատերազմի մեջ մեղադրելով, հիմա էլ անցել են իրենց հին և «բարի» մեթոդներին։ Տիրապետելով համայնքային իշխանության ռեսուրսը՝ փորձում են ճնշումներ գործադրել համայնքային ծառայողների՝ մանկապարտեզների տնօրենների, ուսուցիչների, կոմունալ ծառայության աշխատակիցների և համայնքային այլ ծառայողների վրա, ստիպում են ընտրություններում իրենց ձայնը տալ «Զորավոր համայնք» դաշինքին։ Ավելին, արդեն սկսել են այն մարդկանց, ովքեր չեն ենթարկվում այդ ճնշումներին, ազատել աշխատանքից։ Հարություն Մանուչարյանը նաև քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է հանրապետական նախկին պատգամավոր, գործարանների, ունեցվածքների, տեղական մենաշնորհների «հարցեր լուծելու» հարուստ փորձով Գագիկ Մելիքյանի հետ, որն այս ընտրություններում աջակցում է Մանուչարյանին և ունենալով հանրապետական անցյալ՝ հավանաբար «ինստրուկտաժ» է անում Մանուչարյանին, թե ինչպես կարելի է հաջող կեղծել ընտրություններն ու ճնշումներ բանեցնել ընտրողների վրա։ 

Բազմաթիվ խնդիրներ ունեցող Բերդ համայնքը, որտեղ 21-րդ դարում մարդկանց մի մասը չունի կոյուղի, չունի խմելու ջուր, փողոցները գտնվում են անբարեկարգ վիճակում, կարիք ունի խոշորածավալ ներդրումների։ Կառավարությունը մի քանի տարի է, ինչ սուբվենցիոն ծրագրեր է իրականացնում համայնքում, ծավալները, սակայն, առայժմ չեն բավարարում։ Համայնքային օպտիմալ կառավարման դեպքում է միայն հնարավոր ակնկալել կառավարությունից մեծացնել համայնքին տրվող սուբվենցիոն ծրագրերի ծավալները և լուծել Բերդ խոշորացված համայնքի առաջնային և կենսական անհրաժեշտության խնդիրները։

Վովա Հակոբյան