Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանին սպառնացող Ալիևի շուրթերով այլ երկրների ղեկավարներ են խոսում. Մնալով ՀԱՊԿ-ում՝ մենք ունենալու ենք ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստ. քաղաքագետ

Հայաստանին սպառնացող Ալիևի շուրթերով այլ երկրների ղեկավարներ են խոսում.  Մնալով ՀԱՊԿ-ում՝ մենք ունենալու ենք  ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստ. քաղաքագետ
Քաղաքականություն
18:20, 22 сентябрь 2022
Միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ փայլել է իրեն հատուկ ցինիզմով ու ծաղրի ենթարկել միջազգային իրավունքի նորմերը՝ երեկ Լաչինում սպառնալով ՀՀ-ին «սադրանքների չդիմել», այլապես «արժանի պատասխան կտան»: Անդավաճան իր ռազմատենչ հռետորաբանությանը՝ հարևան երկրի ղեկավարը նաև մատ է թափ տվել տարածաշրջանում խաղաղության հաստատման, իր կողմից սանձազերծված վերջին ագրեսիայից հետո հրադադարի հաստատման  գործում շահագրգիռ որոշ սուբեյկտների վրա, սակայն բավարար չափով քաջություն չի ունեցել մատ թափ տալուց զատ նաև անուններ նշել։ «Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի: Ոչ ոք մեզ հետ վերջնագրերով չի կարող խոսել, և թող ոչ ոքի վրա հույս չդնեն:  Մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել: Մենք իրավունքի, արդարության, միջազգային իրավունքի կողմնակից ենք, պաշտպանում, պաշտպանել ու վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը: Ողջ աշխարհին ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ, մենք ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով: Սեպտեմբերի 13-ին, երբ մեր դեմ հերթական սադրանքը իրականացվեց, ադրբեջանական բանակը պատասխանեց ու թշնամուն իր տեղը դրեց: Ես հուսով եմ, որ սա վերջապես դաս կլինի նրանց: Քանի որ տեսան, որ մեզ ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի: Ոչ մեկի զանգը, ոչ մի հայտարարություն, նախաձեռնություն մեզ չի կանգնեցնի: Մենք մեր հողի վրա ենք ու մեր հողն ենք պաշտպանում»,- հոխորտացել է 44-օրյա պատերազմում վարձկան-ահաբեկիչներ ներգրաված Ալիևն այն դեպքում, երբ նրա ԱԳ նախարար, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Ջեյհուն Բայրամովը հավաստիացրել էր՝  «չնայած վերջին բախումներին, Բաքուն պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ»:

Բացի այն բանից, որ Ալիևը ակնհայտ կերպով խեղաթյուրել է իրականությունը՝ իր նախահարձակ լինելը ներկայացնելով  որպես «սադրանքին ուղղված պատասխան», նա նաև իր խոսքով ապացուցել է, որ խեղված պատկերացում ունի  միջազգային իրավունքի մասին և այն մեկնաբանում է ըստ սեփական հարմարության ու ճաշակի։ Փաստորեն, սեփական երկրի տարածքային ամբողջականությունը ուժի կիրառմամբ (թքած ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցած բանակցային սկզբունքների վրա) վերականգնելու մասին  գլուխը  գովող  Ալիևը  ՀՀ  ինքնիշխան տարածքի նկատմամբ  ոտնձգությունը, տարածքային ամբողջականության խախտումը  մեկնաբանում է որպես  «գտնվել սեփական հողում»։     

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ Ալիևը նման  հայտարարություններ է անում ՝թիկունքում ունենալով  հովանավորներ։ «Սա ըստ էության փորձ է վիժեցնելու խաղաղության  պրոցեսը, արհամարհելու ԱՄՆ միջամտությունն ու միջնորդությունը վերջին ագրեսիայի ժամանակ հրադադարի հաստատման գործում,  բայց ես վստահ եմ, որ այս փորձն Ալիևն ինքնուրույն չի անում։ Ալիևի հետևում կան մարդիկ, ովքեր իրեն երաշխավորել են, որ ինքը կկարողանա մարսել նման հայտարարությունը, և եթե առաջիկայում լինեն սրացումներ, ինքը կկարողանա զանգերի չպատասխանել կամ չհետևել այդ զանգերի միջոցով իրեն ուղղված հրահանգներին։  Այդ ուժերը հայտնի են, դա առաջին հերթին ՌԴ-ն է, և միայն երկրորդ հերթին՝ Թուրքիան։ Այնպես որ, սա պետք է դիտարկել որպես  ռուս-թուրքական տանդեմի հերթական փորձը վերահսկելի պահելու իրավիճակը մեր տարածաշրջանում, և մեր տարածաշրջանը, որտեղ  սեփական ազդեցության գոտու վերաբաժանում է սկսվել Թուրքիայի և ՌԴ-ի միջև, այդ ազդեցության գոտու ներսում պահելու փորձ։ Սա, կարելի է ասել, ՌԴ-ի և Թուրքիայի հակահարվածն է գործընթացները սեփական վերահսկողության ներքո տեղավորելու ԱՄՆ փորձերին»։ Ըստ քաղաքագետի՝ ՌԴ-ն և Թուրքիան են խոսում Ալիևի շուրթերով, «ինչը տրամաբանական է, քանի որ և՛ 44-օրյա պատերազմն է   սանձազերծվել Ալիևի ձեռամբ, և՛ 3+3 ձևաչափն է արվում նաև նույն Ալիևի ձեռամբ»։  «Այսինքն՝ Ալիևը դարձել է ռուս-թուրքական՝ տարածաշրջանային վերաբաժանման գործընթացի «առաջին ջութակը», ինքն իհարկե դա անում է սեփական շահերից ելնելով, հույս ունի, որ առավելագույնը կկարողանա այս ամենից քաղել, բայց ամեն ինչ ունի սահմաններ։ Եվ այն գործողությունները, որոնք այժմ Ալիևն անում է՝ փորձելով կոնֆլիկտը տեղափոխել ՀՀ ինքնիշխան տարածք, դա դուրս է այդ սահմաններից և հետևապես ստանում է հակադարձում ռուս-թուրքական տանդեմից դուրս գտնվող պետությունների կողմից»։  

Դիտարկմանը՝ եթե Ալիևն իր թիկունքում ունի հովանավորներ և նրանց ուղղորդմամբ է իր քայլերն անում, արդյոք նրա հոխորտանքները հուշո՞ւմ են, որ իր հովանավորների  դրդմամբ կարող է գնալ նոր ռազմական էսկալացիայի, կա՞ն միջազգային երաշխիքներ, որոնք  կկանխեն այն։  Ըստ մեր զրուցակցի՝ մարտական գործողությունների վերսկսման վտանգը դեռևս պահպանվում է, և  «նման սպառնալիքը ավելի  քան առկա է». «Միջազգային երաշխիքներ չկան, ԵԱՀԿ, ՄԱԿ-ի ԱԽ... մի շարք այլ կառույցներում որոշումները  կոնսենսուսային սկզբունքով են կայացվում, ընդ որում՝ որոշ մարմիններում ՌԴ-ն ներկա է և ունի առնվազն վետոյի իրավունք։ Այնպես որ՝ միջազգային երաշխիքների հետ առանձնապես հույս կապել պետք չէ, պետք է հույսը դնել  առաջին հերթին սեփական կարողությունների  վրա, ինչպես նաև  չբացառել առանձին պետությունների կողմից  տրվելիք հնարավոր  երաշխիքները։  ՌԴ-ի տված երաշխիքները չեն աշխատում, և դա բոլորի համար է ակնհայտ, բայց դա հարցի մի կեսն է։  ՌԴ-ն՝ ՀԱՊԿ-ով հանդերձ, ոչ միայն չի հանդիսանում ՀՀ անվտանգության երաշխավորը, այլ նաև հանդիսանում է հիմնական սպառնալիք, քանի որ ՌԴ-ն է, որ ելնում է միջանցքային տրամաբանությունից,  ՀՀ տարածքային ամբողջականության մասին ունի այլ պատկերացում, որը տարբերվում է ՀՀ-ի պատկերացումից։ Որևէ հույս կապել ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի հետ՝ ինքնախաբեություն է, և պետք է գնալ վճռական գործողությունների։ Մենք ԱՄՆ-ից ստացել ենք առաջարկ՝ սկսելու քաղաքական երկխոսություն, որը շատ կարևոր է։ Պետք է շեշտել, որ մենք առայժմ խոսակցության առաջարկ ենք ստացել, իսկ թե արդյոք այդ առաջարկը հետո կվերածվի՞  նաև քաղաքական պայմանավորվածության՝ դրանից բխող ակնկալիքներով, դա դեռ հարց է, պետք չէ իլյուզիաներ ունենալ, որ հեսա գալու են, մեզ փրկեն։ Բայց ես հասկանում եմ, որ այդ երկխոսության գինը ՀԱՊԿ-ից դուրս գալն է։ Ուրեմն պետք է ֆիքսենք՝ մնալով ՀԱՊԿ-ում՝ մենք ունենալու ենք կորուստային տարբերակ՝ միջանցք, ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստ։  Կա երկրորդ տարբերակը՝ երկխոսություն ԱՄՆ-ի հետ, որը հնարավոր է հանգեցնի ավելի լավ տարբերակների, առաջարկների, քան այս պահին դրված է սեղանի վրա»։  

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նյույորքյան այցին և այդ այցից ունեցած  ակնկալիքներին (ՀՀ ղեկավարը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին)՝ Քոչինյանը հույս հայտնեց, որ այցի շրջանակում տեղի կունենան քաղաքական հանդիպումներ Սպիտակ տան ներկայացուցիչների հետ, մասնավոապես փոխնախագահի, լավ կլիներ նաև՝  նախագահ Բայդենի հետ, «և այն խոսակցությունը, որը մեզ հետ սկսել է ԱՄՆ-ը, ավելի առարկայական կդառնա, և դրան կհետևեն մեր կոնկրետ գործողությունները ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց մեկնարկելու ուղղությամբ»։  «Եթե մենք նման գործընթաց չսկսենք, երաշխավորված է, որ ունենալու ենք այն, ինչն ուզում է ՌԴ-ն՝ տալու ենք միջանցք, ունենալու ենք Արցախի վերջնական ապասուբյեկտայնացում, շարունակվելու է Արցախը  դանդաղ տալու գործընթացը։ Այսինքն՝ դանդաղ մահվան դատապարտումը  հստակ է, մեզ կառափնարան են տանելու»,- եզրափակեց  Քոչինյանը։ 

Հեղինե Մանուկյան