Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե Իլհամ Ալիևը համառի, ապա իրատեսական եմ համարում, որ ԱՄՆ-ն կարող է լենդլիզի պայմանագիր կնքել Հայաստանի հետ». Արման Մելիքյան. medialab.am

«Եթե Իլհամ Ալիևը համառի, ապա իրատեսական եմ համարում, որ ԱՄՆ-ն կարող է լենդլիզի պայմանագիր կնքել Հայաստանի հետ». Արման Մելիքյան. medialab.am
Քաղաքականություն
19:19, 22 сентябрь 2022
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, քանի որ վերջին օրերին ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ ակտիվ կոչեր են հնչում, կխնդրեմ նախ այդ կոչերի մասով ձեր մեկնաբանությունը, ապա հնարավոր ռիսկերի ու հետևանքների մասին ասեք, եթե Հայաստանը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ այս փուլում կամ առհասարակ։

– ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, և այդ կազմակերպության անդամ հանդիսացող ու մեր ռազմական դաշնակից համարվող պետությունները փաստացիորեն հրաժարվում են Հայաստանին ռազմական, քաղաքական ու անգամ բարոյական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված անթաքույց ռազմական ագրեսիայի պարագայում:

Այսօրինակ պահվածքը, անշուշտ, միանգամայն բավարար հիմք է, որպեսզի մեզանում ՀԱՊԿ-ը լքելու կոչեր հնչեցվեն: Այդուհանդերձ, պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հապճեպ որոշումը ևս չի կարող զուտ զգացմունքային հիմքով ընդունվել: Անհրաժեշտ է ստույգ հաշվարկել այդ որոշման հետ կապված ոչ միայն ռազմական, այլև տնտեսական հետևանքները, այդ թվում նաև՝ Հայաստանի՝ էներգակիրներով ու հացահատիկով ապահովելու սեփական պոտենցիալը:

Կարծում եմ, որ միանգամայն հավանական է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռանալը կհանգեցնի նաև առնվազն Ռուսաստանի հետ առկա տնտեսական կապերի խզման: Անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր հնարավոր բացասական հետևանքները, ու եթե չկա կորուստների համալրման այլընտրանք, չզբաղվել ցուցադրական ինքնավնասմամբ:

-Արդարացված համարո՞ւմ եք Արևմուտքից, հատկապես ԱՄՆ-ից ունեցած այն ակնկալիքները, որոնք կան հասարակության ու քաղաքական որոշ շրջանակների մոտ։


– Առայժմ տեսանելի է, որ ԱՄՆ-ը փորձում է իր ձեռքը վերցնել պաշտոնական Բաքվի ու Երևանի միջև վարվող բանակցությունների ղեկը: Կարծում եմ, որ ցանկության դեպքում Վաշինգտոնն ունակ է կանգնեցնելու ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և գործը հանգեցնել նրան, որ հակառակորդի զինված ուժերը լքեն մեր երկրի ինքնիշխան տարածքը:

Եթե Իլհամ Ալիևը համառի, ապա իրատեսական եմ համարում, որ Միացյալ Նահանգները կարող է լենդլիզի պայմանագիր կնքել Հայաստանի հետ, մեր բանակին ժամանակակից զենք ու զինամթերք մատակարարել, և դրա համար անգամ Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը չի կարող խոչընդոտ լինել: Եթե նման որոշում կայացվի, ապա սպառազինությունների մատակարարումներն իրականացնելու համար առկա բոլոր խոչընդոտները կվերացվեն կամ կշրջանցվեն:

– ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցն ի՞նչ տվեց Հայաստանին։ Հետագայում ի՞նչ կարող ենք ակնկալել ԱՄՆ-ից։

– Տիկին Փելոսիի այցը առարկայորեն ցույց տվեց, որ ԱՄՆ-ն արդեն անմիջականորեն, անմիջնորդ ներգրավվում է մեր տարածաշրջանի քաղաքական, տնտեսական ու ռազմական անցուդարձին, ինչը ճակատագրական նշանակություն կունենա Հայաստանի ու որոշ հարևան պետությունների համար: Բայց, ամեն դեպքում, այս պահին չեմ ուզում հեռուն գնացող կանխատեսումներ անել, որոշ բաներ արդեն ասել եմ նախկինում՝ կսրվի Իրանի խնդիրը:

– Պարո՛ն Մելիքյան, արդյոք ճի՞շտ է դիվանագիտության ոլորտում առաջնորդվել կամ-կամ սկզբունքով։ Հիմա Հայաստանում մի խումբը պնդում է, որ ճիշտը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սերտացումն է՝ բացառելով Ռուսաստանի հետ որևէ հարաբերություն, մյուս մասն էլ պնդում է, որ Հայաստանի միակ փրկությունը Ռուսաստանն է։


– Արտաքին քաղաքական կողմնորոշումների այդպիսի հակադրությունը արտառոց չէ, և խելամիտ ազգային քաղաքական վերնախավը նաև այդ հակադրությունն է օգտագործում պետական քաղաքականությունը արտաքին հարաբերությունների ոլորտում հավասարակշռելու, ռացիոնալ ու արդյունավետ մոտեցումներ մշակելու և կիրառելու համար: Կարևորն այն է, որ այդ հակադրությունը չպետք է հանգեցնի երկպառակության ու ներքին ուժային դիմակայության:

– ՀՀ իշխանություններն ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն պետք է վարեն, որպեսզի կարողանան այս իրավիճակից դուրս գալ։


– Գործող իշխանություններին հրապարակավ խորհուրդ տալը ճիշտ չեմ համարում, դա ոչ միայն արդյունավետ չէ, այլև կարող է վնասակար լինել:

– Թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունները, ռազմական հարձակումները մեր տարածաշրջանում այսօր ո՞ր պետություններն են ի զորու կանխելու։ Ադրբեջանին ու Թուրքիային ճնշելու իրական լծակներ ո՞ր պետություններն ունեն այսօր։

– Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը կարող է բարեկամաբար զսպել ու սանձել Միացյալ Նահանգները: Բաքվի ու Անկարայի տարածաշրջանային ուժային հակակշիռն էլ կարող է լինել Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը ելնելով սեփական անվտանգային խնդիրները լուծելու անհրաժեշտությունից՝ որոշակի պայմաններում կարող է դիմել ռազմական ուժի կիրառման:

– Ձեր գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում աշխարհում, ու Հայաստանն ի՞նչ հանգրվանի է հասնելու այդ զարգացումների վերջնարդյունքում։

– Կարող եմ ասել, որ Եվրասիայի ռազմաքաղաքական ու տնտեսական դիմագծի արմատական կերպափոխման ծրագիր է իրականացվում, որի արդյունքում 10-15 տարի անց մենք կունենանք ոչ միայն նոր ռազմաքաղաքական բալանս, այլև նոր պետություններ, նոր սահմաններ: Այս գործընթացն ակտիվացվել է 2000-ականների սկզբից: Արաբական գարնան փուլին հետևեց Հարավային Կովկասի և Ուկրաինայի ռազմական գործողությունների փուլը: Մոտենում է Իրանի ու Կենտրոնական Ասիայի հերթը: Մենք դեռևս մնում ենք իրադարձությունների էպիկենտրոնում: