Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ քայլի» պատգամավորնները առաջարկում են պետական պաշտոն զբաղեցնելու համար ստաժը 5 տարվա փոխարեն սահմանել 3 տարի

«Իմ քայլի» պատգամավորնները առաջարկում են պետական պաշտոն զբաղեցնելու համար ստաժը 5 տարվա փոխարեն սահմանել 3 տարի
Քաղաքականություն
15:06, 13 апрель 2021
 
Ազգային ժողովի աշխատակազմում «Պետական ծառայության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, ով նախագծի զեկուցողն է, ներկայացնելով այն, ասաց. «Նախագծի հիմնական նպատակը այն է, որ մենք հռչակում ենք, որ բոլոր պետական մարմիններում աշխատանքի ընդունման եւ այլ հարցերով պետք է լինի միասնական խաղի կանոններ եւ այս նպատակին հասնելու համար մենք միջանկյալ լուծում ենք տվել, որը վերջնական լուծումը չէ, ես հուսով եմ՝ մենք կհասցնենք ընդունել այն»։ 

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ առաջարկվում է պետական ծառայության պաշտոնի անձնագրում բարձրագույն, գլխավոր եւ առաջատար պաշտոնների համար սահմանել մասնագիտական աշխատանքային փորձի առավել մեղմ սահմանափակումներ:

«Նախատեսվում է պահանջվող առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժը փոխարինել երեք տարով, իսկ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը փոխարինել կրկին երեքով»,- ասաց Բաղդասարյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ չեն սպասում հանրային կառավարման բարեփոխումների հայեցակարգի նախագծին, որով կկանոնակարգվի խնդիրը։ 

Բաղդասարյանը արձագանքեց, որ հնարավոր էր բարեփոխումների հայեցակարգը ընդունվեր, եթե չլիներ կորոնավիրուսը։ «Սա է հիմնական պատճառը, որ մենք չունենք համապարփակ լուծում։ Եթե մենք այս նախագիծը չընդունենք՝ օրենքի ընդունումը մեկ տարի կհետաձգվի եւ մեկ տսրի կունենանք մի իրավիճակ, որ կունենանք որակյալ մասնագետների կարիք եւ չենք ունենա որակյալ մասնագետների ընդունման հնարավորություն։ Խնդրանքս այն է, որ արս միջանկյալ նախագիծը մենք ընդունենք եւ հաջորդ ԱԺ-ը համալրված կլինի ավելի լավ կադրերով եւ ռեսուրսներով», - ասաց պատգամավորը։