Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բյուրեղավան համայնքը 14 տարի ղեկավարած Հակոբ Բալասյանը կրկին հավակնում է համայնքապետի պաշտոնին՝ չնայած համայնքում մինչև այժմ կենսական անհրաժեշտության չլուծված խնդիրներին․ տեսանյութ

Ս.թ. սեպտեմբերի 25-ին Բյուրեղավան խոշորացված համայնքում տեղի են ունենալու համայնքի ավագանու ընտրություններ: Բյուրեղավան համայնքն իր մեջ ներառում է Բյուրեղավան քաղաքն ու Նուռնուս և Ջրաբեր համայնքները։ Համայնքի գործող ղեկավար Հակոբ Բալասյանը շուրջ 14 տարի ղեկավարում է Բյուրեղավան համայնքը և հավակնում ևս 5 տարի ղեկավարել այն։ Բալասյանի ղեկավարած համայնքում դեռ լուծված չեն տարրական, կենսական նշանակության խնդիրները, ինչպիսիք են խմելու ջրի խնդիրը՝ ջրամատակարարումը այստեղ ժամերով է, կոյուղը ցանցը մաշված է և ունի հիմնանորոգման կարիք։ Համայնքում նաև թափառող կենդանիների հարցն է շատ լուրջ։

Շները իսկական սպառնալիք են դարձել համայնքի բնակիչների համար։ Համայնքում չկան խաղահրապարակներ, բակերը անմխիթար վիճակում են։ Աղբահանությունը ևս ոչ պատշաճ է իրականացվում, չնայած որ նախորդ տարի համայնքային բյուջեից աղբահանության համար հատկացվել է բավական մեծ գումար՝ շուրջ 74 մլն դրամ։ Չնայած վերջին տարիներին համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին՝ Բյուրեղավան համայնքը ունի ճանապարհների, շենքերի տանիքների, բակերի, վերելակների, մարզադպրոցների ու մարզադաշտերի նորոգման, հիմնանորոգման և կառուցման խնդիրներ։

Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը 2021 թվականին հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով՝ որպես միանձնյա սեփականություն, և 2 հողամաս՝ Կոտայքի մարզում։ Բալասյանը հայտարարագրել է նաև 5 մլն 200 հազար դրամը գերազանցող գումար՝ որպես բանկային հաշիվների մնացորդներ, և 3 մլն 500 հազար դրամ և 10 հազար 500 դոլար կանխիկ փող։ Բալասյանը նաև ավելի քան 4 մլն դրամ է հայտարարագրել՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, ու 207 հազար դրամ՝ որպես ստացված փոխառություններ (վարկեր)։ 

Վովա Հակոբյան