Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չերչիլը, Ռուզվելտն ու Ստալինը համախմբվել էին ընդդեմ արտաքին սպառնալիքի, իսկ ո՞ւմ դեմ պայքարելու, ո՞ւմ «շանս տալու» համար են համախմբվել Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը

Չերչիլը, Ռուզվելտն ու Ստալինը համախմբվել էին ընդդեմ արտաքին սպառնալիքի, իսկ ո՞ւմ դեմ պայքարելու, ո՞ւմ «շանս տալու» համար են համախմբվել Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը
Քաղաքականություն
20:36, 23 сентябрь 2022
ՀՀ և Արցախի նախկին նախագահների, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ Էջմիածնում  կայացած հանդիպման մասին լուրը  եթե ոչ ցնցող, ապա լրահոսում առանձնացող լուր էր։  Իսկ լրահոսը երեկվանից հագեցած է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին այս օրերին մասնակցող  ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի,  միջազգային գործընկերների, ազդեցիկ պաշտոնատար անձանց հետ ունեցած նրանց  կարևոր հանդիպումների ու  հայտարարությունների մասին հաղորդագրություններով։  Հատկապես Հայաստանի համար գերլարված ու վճռական այս ժամանակաշրջանում, երբ սահմաններին հարաբերական անդորր է,  թշնամին չի հրաժարվում իր ռազմատենչ հռետորաբանությունից, ՀՀ ղեկավարությունն էլ երկրում չէ, նախկին նախագահները, փաստորեն, որոշել էին առիթն օգտագործել ու... առերեսվել։  

Հարկ է նշել, որ այս կոնֆիգուրացիայով հանդիպման մասին լուրը սովորական կթվար, եթե դրա մասնակից քաղաքական սուբյեկտներից մեկը  չլիներ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա, ով արդեն մի անգամ ցնցել է հանրությանը  հանդիպման մասնակիցներից առնվազն երկուսի՝ Քոչարյանի և Սարգսյանի մասին իր քաղաքական ախտորոշումներով,  քոչարյանա-սերժական իշխանապետությունը համեմատել  թաթար-մոնղոլական խանության հետ, նա, ով  տարիներ առաջ հայ ժողովրդից հրապարակավ ներողություն էր խնդրել իր կադրային սխալ քաղաքականության՝ այդ երկուսին «Հայաստան բերելու և հայ ժողովրդի  վզին փաթաթելու համար», նա, ով  2021 թ. արտահերթ ընտրություններից առաջ  նույն այդ երկուսին՝ Քոչարյանին և Սարգսյանին,  միասնական ճակատով հանդես գալու առաջարկ էր արել ու մերժվել։  

Ուշագրավ է այդ հանդիպման մասին տարածված հաղորդագրությունը, որում մասնավորապես  ասված է. «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները»։   Հայրենափրկության հայտ ներկայացրած քաղաքական սուբյեկտները,  փաստորեն, այն ընթացքում, երբ ՀՀ իշխանությունն աշխարհի ուշադրությունը փորձում է սևեռել ՀՀ-ին սպառնացող արտաքին վտանգների վրա, աթոռանիստ քաղաքում  տեղի ունեցած  «սխոդկայի» ժամանակ  քննարկել են ոչ թե Հայաստանի արտաքին սպառնալիքների  հաղթահարման, այլ... ՀՀ-ի ներսում  ստեղծված իրավիճակը։ Իսկ թե ինչ իրավիճակ է Հայաստանում հեղափոխությունից հետո և մասնավորապես ս.թ. ապրիլի 25-ից սկսած՝ բոլորին է հայտնի։ 

Նշենք, որ ամիսներ առաջ՝ «Դիմադրություն» շարժման օրերին, Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել էր արձագանքել տեղի ունեցողին ու  կարևոր շեշտադրումներով հայտարարություն էր տարածել։ Ըստ այդմ՝  «ընթացիկ ներքաղաքական առճակատումը  ոչ թե ուժեղացնում, այլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը առաջիկա դժվարագույն բանակցություններում: Ուստի անհասկանալի է, թե որն է այսօրվա ընդդիմության բուն նպատակը»:   Նաև նշել էր, թե Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Նիկոլ Փաշինյանին փակցվել է «կապիտուլյանտ» պիտակը, մինչդեռ «կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը»։  «Հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրը, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ: Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու՝ անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը: Հարց է ծագում՝ արդյոք ներկայիս ընդդիմության առաջնորդները չե՞ն գիտակցում սա: Եթե չեն գիտակցում, ապա դա նշանակում է, որ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում: Իսկ եթե գիտակցում են, բայց շարունակում են ներքաղաքական ցնցումները, ապա դրանից բխում է, որ նրանք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում, որոնք բացարձակապես կապ չունեն ազգային շահերի հետ»: 

Տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո մեզ մոտ էլ է հարց ծագում՝ ի՞նչ հարցերի շուրջ է տեղի ունեցել քննարկումը, արդյոք այն վերաբերել է ազգային շահերի՞ն, թե՞ ներքաղաքական ցնցումներն ուժեղացնելու միտում ունի։ Հայաստանի անունից բանակցողի  անձից, ինչպես Տեր-Պետրոսյանն է ասում, այլևս ոչինչ կախված չէ,   մինչդեռ, ինչպես հայտնի է, թե Քոչարյանը, թե Սարգսյանը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նոր առաջնորդի պայման առաջադրում։ Եվ եթե նրանցից մեկը հրապարակավ խոստացել է իր՝ այլևս որևէ   պաշտոնի չհավակնելու մասին, ապա մյուսը օրեր առաջ «դրոշակ վերցնելու» և քաղաքական մեյդան մտնելու մասին էր խոսել   կինոթատրոններից մեկում։ Տպավորություն է, թե իրեն «ողջախոհության ճրագ»-ի ֆունկցիա վերագրած առաջին նախագահը մտքափոխվել է և կարծում է, որ եթե հանդիպի օրվա իշխանության հրաժարականը պահանջող իր երբեմնի անորակ կադրերի հետ, աջակցի նրանցից մեկի իշխանության գալու փափագն իրագործելուն,  հնարավոր է Հայաստանը «կապիտուլացվածից» վերածվի հաղթանակածի, ավելի ճիշտ՝ հաԽթանակածի։ (Նախկին նախագահը այդ բառը հենց այսպիսի՝ կոպիտ ուղղագրական սխալով էր գրել գրատախտակին): 
   
Ընդդեմ   ո՞ւմ են  պայքարելու Էջմիածնի հավաքի մասնակիցները  

Տեղի ունեցած  հանդիպման «ճիշտ» և «արդարացի» լինելն ապացուցելու համար, ինչպես և սպասվում էր, սերժա-քոչարյանական ընդդիմության և մասնավորապես ՀԱԿ համակիրների կողմից մի շարք փաստարկներ են բերվում՝ զավեշտականից մինչև էլ ավելի զավեշտական։ 

Արմեն Աշոտյանն, օրինակ, իր ֆեյսբուքյան էջում, զետեղելով ԱՄՆ նախագահ Ռուզվելտի,   Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի և ԽՍՀՄ առաջնորդ Ստալինի համատեղ ֆոտոն՝ կից գրել է.

«Իրենք էլ իրար հետ, մեղմ ասած, հաշտ չէին։ Բայց չարիքը վերացնելու և աշխարհին շանս տալու համար միացան և հաղթեցին»։ 
ՀԱԿ համակիրներից մեկն էլ, ազդված Աշոտյանի համեմատությունից, իր հերթին գրել է.

«Երկրորդ աշխարհամարտում Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլը միասին էին համագործակցում ընդհանուր վտանգի՝ նացիզմի դեմ:... Արտաքին վտանգի դեպքում չի գործում արժեքային և գաղափարական միավորում։ Արտաքին վտանգն ինքնին ֆորս մաժոր է»։
Ամեն ինչ ճիշտ է ասված, բայց մի հարց, այնուամենայնիվ, բաց է մնում՝ Էջմիածնի հանդիպմանը  մասնակցած հայազգի  չերչիլները, ռուզվելտներն ու ստալինները միավորվել են,  որ  շանս տան կամ ո՞ւմ դեմ պայքարեն՝ ՀՀ-ին սպառնացող արտաքին վտանգի՞՝  նացիստ, ֆաշիստ  Ալիևի,  Էրդողանի՞,  թե՞ ՀՀ լեգիտիմ իշխանության, վարչապետ  Նիկոլ Փաշինյանի, որին, ի դեպ, Տեր-Պետրոսյանի «թեթև ձեռամբ» էլ փակցվել է «ազգակործան պատուհաս» պիտակը։ 

Հատկանշական է, որ էջմիածինյան հավաքից առաջ Տեր-Պետրոսյանը հանդիպել էր նաև Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, իսկ այ ՀՀ վարչապետի հետ՝ ոչ։      
 
Հեղինե Մանուկյան