Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պատրաստ ենք բարձր պատասխանատվություն ստանձնելու, օրնիբուն աշխատելու, արդարացնելու ձեր սպասումները. Տավրոս Սափեյան

Մենք պատրաստ ենք բարձր պատասխանատվություն ստանձնելու, օրնիբուն աշխատելու, արդարացնելու ձեր սպասումները. Տավրոս Սափեյան
Քաղաքականություն
22:59, 23 сентябрь 2022
Թալինի համայնքնապետի ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանը ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Թալին խոշորացվող համայնքի  բնակիչներ, Այսօր կարևոր ասելիք ունեմ․ եզրագիծն է հատում նախընտրական քարոզարշավը, որն այս անգամ  տարբերվեց  մյուսներից։ Տարբերվեց  ոչ թե մեր շրջայցերի առատությամբ, այլ նրանով, որ  մենք ստիպված եղանք հաղթահարել մեր երկրի առջև կրկին ծառացած լուրջ մարտահրավերներ, դիմադրել Ադրբեջանի կողմից  սանձազերծված լայնածավալ ագրեսիային և մեր գործուն աջակցությունը  ցուցաբերեցինք  հայրենիքի պաշտպանության գործում։  

Մենք վայրկյան առաջ կանգնեցինք սահմանին, ցավոք, կորցրինք մեր լավ ընկեր Միհրան Ասատրյանին․․․Այժմ էլ մեր տղաներից շատերը սահմանին են։ Այս դժվարին ժամանակաշրջանից առաջ մենք հասցրինք լինել Թալին և Արագածավան համայնքների գրեթե բոլոր բնակավայրերում, շփվել ժողովրդի հետ, լսել նրա ձայնն ու արձանագրել այն խնդիրները, որոնք հրատապ պետք է լուծվեն։  Եվ այսօր, ամփոփելով  շուրջ մեկ ամիս տևած մեր նախընտրական քարոզարշավը, արձանագրում ենք մեկ բան՝ մեր խոսքը գործ է, մենք նախանձախնդիր ու հետևողական ենք Թալինի զարգացման գործում և մեր հայրենիքի կողքին կանգնած ենք։ Արձանագրում ենք նաև, որ բնակավայրեր շրջայցերի ընթացքում մեր նախընտրական ծրագիրը հավանության է արժանացել  ընտրազանգվածի կողմից, մենք վայելել ենք ձեր  ջերմ ու ոգևորող ընդունելությունը, ինչի համար շնորհակալ ենք։  

Ուզում եմ անդրադառնալ նաև մեր քաղաքական մրցակցի շահարկումներին առ այն, որ մենք սահման ենք գնացել մեր քաղաքական ռեյտինգի համար։

Հարգելի՛ ժողովուրդ, թե՛ նախընտրական ժամանակահատվածում, և թե՛ դրանից առաջ, մենք զինվորագրվել ենք հայրենիքի պաշտպանությանը և մի՛շտ ենք պատրաստ․․․

Ինչ վերաբերում է մյուս շահարկմանը՝ կապված Թալինի զարգացման մի քանի ծրագրի հետ, ապա պետք է նշեմ, որ մեր քաղաքական մրցակիցների ստեղծած արհեստական խոչընդոտների պարագայում այդ ծրագրերը մենք կյանքի ենք կոչել լրացուցիչ ջանքերի, մեծ համառության շնորհիվ։ Հետևաբար, անհեթեթություն է նման ձևով ժողովրդին մեր դեմ վատ տրամադրելու  փորձեր անելը և հուսով եմ, դա դուք ինքներդ շատ լավ եք հասկանում։  

Սիրելի՛ հայրենակիցներ, ընտրողներ,  

Ընդամենը մեկ օրից՝ սեպտեմբերի 25-ին, դուք պետք է ձեր վճռորոշ քայլն անեք, և հորդորում եմ ձեր վստահության քվեն տալ մեզ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներիս։

Ինչպես արդեն տեսել եք՝ մենք պատրաստ ենք բարձր պատասխանատվություն ստանձնելու, օրնիբուն աշխատելու, արդարացնելու ձեր սպասումները։       Սեպտեմբերի 25-ին դուք նաև բացառիկ հնարավորություն ունեք ձեր գնահատականը տալու այն ուժերին, որոնք տարիներ շարունակ, ունենալով պետական  լծակներ ու լայն   հնարավորություններ, գրեթե ոչինչ չեն արել Թալինը զարգացնելու համար, բացի պատասխանատու աթոռը զբաղեցնելուց։ Սիրելի՛ ընտրողներ, մենք քվեաթերթիկում 7-րդ համարն ենք։ Վստահաբար, միասին մենք անելու ենք ամեն ինչ․․․

Ձեր՝ Տավրոս Սափեյան»