Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճամբարակում ընտրողների 8,7 տոկոսն է մասնակցել, իսկ Ծաղկահովիտում՝ 12 տոկոսը

Ճամբարակում ընտրողների 8,7 տոկոսն է մասնակցել, իսկ Ծաղկահովիտում՝ 12 տոկոսը
Քաղաքականություն
13:51, 25 сентябрь 2022
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում առավոտյան ժամը 11։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է բնակչության 8,73 տոկոսը, խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից։ Նշենք, որ Ճամբարակում միայն մեկ կուսակցություն է մասնակցում ՏԻՄ ընտրություններին՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը։

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ բնակավայրում բնակչության 12 տոկոսն է մասնակցել ընտրություններին, ընտրախախտումներ չեն արձանագրվել։ Այս տեղեկությունն էլ փոխանցեց Ծաղկահովիտի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գևորգ Օհանյանը։

Նշենք, որ Ծաղկահովիտում ՏԻՄ ընտրություններին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հզոր համայնք» դաշինքը, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները։
Ըստ անձնագրային և վիզաների վարչության տվյալների՝ Ճամբարակում ընտրողների թիվը 10851-ն է, իսկ Ծաղկահովիտում՝ 7000-ը։ 
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից՝ ժամը 08։00-ից, Հայաստանի 18 համայնքներում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Ալագյազ և Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Տաշիր և Լոռի Բերդ, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան և Ջրվեժ, Սյունիքի մարզի Սիսիան և Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի և Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ, Շիրակի մարզի Անի համայնքներում: