Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բյուրեղավանում ընտրություններին մասնակցությունը ակտիվ է. ժամը 11։00-ի դրությամբ գրանցվել է 13 տոկոս մասնակցություն

Բյուրեղավանում ընտրություններին մասնակցությունը ակտիվ է. ժամը 11։00-ի դրությամբ գրանցվել է 13 տոկոս մասնակցություն
Քաղաքականություն
14:11, 25 сентябрь 2022
Այսօր համամասնական ընտրակարգով ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում։

Այստեղ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների պաշտոնը ստանձնելու համար պայքարում են չորս ուժ՝ «Միասնություն» դաշինքը, որը  ձևավորվել է «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների միությամբ, «Քաղաքացիական պայմանագիր», «Արդար Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները։ 

28-րդ ընտրական տեղամասի նախագահը մեզ փոխանցեց, որ ընտրողների մասնակցության ակտիվությունը ցածր չէ, բավականին բարձր է։ Ժամը 11։00-ի դրությամբ 8293 ընտրողներից ընտրությանը մասնակցել է շուրջ 1393 քաղաքացի՝ ընտրողների 13 տոկոսը։ Նա նաև հավաստեց, որ անկախ ընտրությունների ակտիվությունից և ուժերի միջև առկա  մրցակցությունից՝ իրենց դիտարկմամբ ընդհանուր առմամբ ընտրություններն անցնում են նորմալ։


Նշենք, որ այսօր համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
 
Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր: