Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրությունների նախաշեմին նման դատական համակարգն անկանխատեսելի հետևանքերի կարող է բերել, ընդհուպ՝ ընտրությունների վիժեցում

Ընտրությունների նախաշեմին նման դատական համակարգն անկանխատեսելի հետևանքերի կարող է բերել, ընդհուպ՝ ընտրությունների վիժեցում
Քաղաքականություն
18:41, 13 апрель 2021
Հանուն Հանրապետության կուսակցությունը վաղը ժամը 13։00-ին նախաձեռնել է բողոքի ակցիա ընդդեմ դատական իշխանության ներսում տիրող իրավիճակի։ Կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանի խոսքով պետք է ամեն ինչ անել, որպեսզի առաջիկա ընտրություններից  առաջ դատական իշխանությունը չշարունակի այն գործելաոճը, որով առաջնորդվել է վերջին 20-25 տարվա ընթացքում։ «Դատարանները մեր երկրում ակտիվորեն ներգրավված են եղել պետության զավթմանը, կամակատարներ են եղել նախկին իշխանավորների և այսօր շարունակում են քաղաքական ռևանշի ձգտող նախկինների կամակատարը լինել»,- այսօր ԲԴԽ-ի մոտ ուղիղ եթերի ժամանակ ասաց Բաբաջանյանը։

Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ, գործող փաստաբան Վահագն Մարտիրոսյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղվա ակցիայով խնդիր են բարձրացնելու Բարձրագույն դատական խորհրդի ու ընդհանրապես իրավական համակարգի  բռնած դիրքորոշման դեմ, որը, ըստ էության, ոչ թե արդարադատությանը նպաստելու դիրքորոշում է, այլ հակապետական, իրավական համակարգը կազմաքանդելու դիրքորոշում է.«ԲԴԽ նախագահի նոյեմբեր ամսի կատարած հայտարարությունից  հետո  ամեն ինչ ավելի պարզ դարձավ։ Նման հայտարարություն կարող էր անել միայն պետության դեմ դիրքավորված անձը։ Հետևաբար նման անձի չի կարող զբաղեցնել նման պաշտոն և նման հայտարարութուններ անել։

Սա  պետությունը ներսից քանդելու, իրավական համակարգը  պետության դեմ հանելու ուղղակի մարտակոչ էր։ Եվ մեր վաղվա ակցիայով մենք ցույց ենք տալու ՀՀ հասարակությանը և քաղաքացիներին, թե ինչի հետ գործ ունեն և ում և ինչի դեմ պետք է պայքարեն՝ հաշվի առնելով հունիս ամսին սպասվելիք ընտրությունները»,-ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ընտրությունների նախաշեմին նման դատական համակարգը անկանխատեսելի հետևանքերի կարող է բերել, ընդհուպ   ընտրությունների վիժեցում։  «Մեծ հաշվով դատական համակարգի ներկա դիրքավորումը հեռահար  նպատակ է հետապնդում հենց ընտրության վիժեցման, այսինքն ապագա ընտրությունների լեգիտիմությունը, օրինականությունը կասկածի տակ դնել։ Սա մոտ ապագայում։ Իսկ մի  քիչ երկարաժամկետ ապագայում սա նախկին բարքերի վերականգնմանը ուղղված քայլ է»,-ընդգծեց փաստաբանը։ 

Վահագն Մարտիրոսյանի խոսքով՝ դատական համակարգ բարեփոխելու, առողջացնելու վերջին քայլը Դատական օրենսգրքի համապատասխան փոփոխություններն էին, որը, սակայն, նախագահը չստորագրեց  և ուղարկեց Սահմանադրական դատարան։ Նախագահի նման դիրքորոշումը խիստ զարմացրել է մեր զրուցակցին, քանի որ նախագահը կոչված է  սահմանադրությամբ ապահովել երկրի ներքին կայունությունը, այդ թվում՝ քաղաքական կայունությունը։ Իսկ նման քայլով, Մարտիրոսյանի խոսքով, նախագահը էլ ավելի սրեց ներքաղաքական իրավիճակը.«Հաշվի առնելով ՍԴ-ի ներկայիս կազմը և ակնհայտ, արերևույթ վտանգ տեսնելով, որ նման կազմով Սահմանադրական դատարանը կարող է նման փոփոխությունները հակասահմանադրական ճանարչել։ Հետևաբար դա կարող է ուղղակի ազդեցություն ունենալ թե դատական համակարգի բարեփոխումների, թե ապագա ընտրությունների վրա, որովհետև նման դատական  համակարգով ընտրությունների անցկացումը, ընտրական վեճերի անցկացումը արդեն իսկ կանխատեսելի է, թե ինչ վճիռներ ու որոշումներ կարող է կայացնել դատական համակարգը։

Ընդհանուր առմամբ մի բան ակնհայտ է՝ դատական համակարգը դիրքավորվել է պետության դեմ»,- նկատեց Մարտիրոսյանը։ 
Մեր հարցին՝ մտահոգություն չունե՞ն, որ այս ակցիան ևս կքննադատվի և կդիտարկվի որպես ճնշում դատական համակարգի վրա ինչպես դատարանները շրջափակելու իշխանության ակցիան, Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք դատարան չենք շրջփակում։ Մեր ակցիան առաջին հերթին քաղաքական ակցիա է։ Ժողովրդին չի կարելի առհասարակ զրկել իր տեսակետն արտահայտելուց։ Կրկնում եմ, սա քաղաքաան ակցիա է և այն նպատակ է հետապնդում ժողովրդին, հասարակությանը իրազեկելու, իսկ դատական համակարգին՝ խելքի բերելու»։

Ակնկալում է, որ ակցիային կմասնակցեն իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, դատական իշխանության ապօրնություններից տուժած փաստաբաններ։ Արման Բաբաջանյանի խոսքով՝ կարևոր է այս հարցում լինել համախոհ, որի պարագայում հնարավոր կլինի նաև հանրային ճնշման արդյունքում հասնել դատական համակարգի առողջացման։