Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը Ադրբեջանի հանցագործ նկրտումներին. Արարատ Միրզոյան

«Այսօր մանրամասն քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ  ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները»,- այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ 
«Մենք կարևորում ենք կայունությանն ու խաղաղությանն ուղղված Ադրբեջանի առավելապաշտական և հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը։ Ոչ համարժեք՝ ագրեսորի և ագրեսիայի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների, և այս համատեքստում արժևորում ենք բարեկամ Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,- հավելեց ՀՀ ԱԳ նախարարը։ 
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն՝ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն, և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի. «Միաժամանակ միջազգային հանրությունը հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները»։