Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Սպանոն ՄԻՊ-ին ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված գործերի վիճակագրությունը

Ռոբերտ Սպանոն ՄԻՊ-ին ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված գործերի վիճակագրությունը
Քաղաքականություն
14:03, 28 сентябрь 2022
Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը, տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։ Իր խոսքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման կարևորությունը անվտանգության լրջագույն սպառնալիքների համատեքստում: 
Գրիգորյանն անդրադարձել է ՄԻԵԴ-ում քննվող գործերով Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես երրորդ կողմ հանդես գալու իրավասությանն ու այդ ուղղությամբ Պաշտպանի հաստատության կողմից տարվող աշխատանքներին: 
Գրիգորյանը նաև Դատարանի նախագահին է տրամադրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը, որում  ի թիվս այլնի, վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում արձանագրված խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեպքերը:
Ռոբերտ Սպանոն ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված գործերի վիճակագրությունը՝ անդրադառնալով արձանագրվող հիմնական խախտումներին և դրանց ուղղությամբ Պետության կողմից ձեռնարկվելիք քայլերին: 
ՄԻԵԴ նախագահն ընդգծել է Դատարանի գործունեության շրջանակներում Պաշտպանի հաստատության հետ համագործակցության նշանակությունը,  Պաշտպանի կողմից փաստարկված տեղեկատվության հավաքագրումն ու տրամադրումը: