Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՌԴ-ն բարձրացնում է Կովկասում իր խաղադրույքը և մտադիր չէ գլոբալ հակադրության այս իրավիճակում զիջել Հարավային Կովկասը․ ՀԱՊԿ-ի դիտորդների գաղափարը ածանցվում է հենց այդտեղից»․ քաղաքագետ

«ՌԴ-ն բարձրացնում է Կովկասում իր խաղադրույքը և մտադիր չէ գլոբալ հակադրության այս իրավիճակում զիջել Հարավային Կովկասը․ ՀԱՊԿ-ի դիտորդների գաղափարը ածանցվում է հենց այդտեղից»․ քաղաքագետ
Քաղաքականություն
17:39, 30 сентябрь 2022
Հայ-ադրբեջանական սահմանին որպես Ադրբեջանի կողմից   ռազմական ագրեսիայի սանձազերծումները կանխարգելելու միջոց  կարող է լինել միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը։  Երեկ այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե «լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ լինի դա ՄԱԿ ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»։ 

Վարչապետի այս առաջարկին ի պատասխան՝ հնչեց  ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցչի՝ Մարիա Զախարովայի արձագանքը։  Ըստ այդմ՝  ՌԴ-ն դեմ է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին միջազգային դիտորդների տեղակայմանը։ Պաշտոնատար տիկինը նաև նշել է, թե «տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրներ փորձում են խոչընդոտել հայ-ադրբեջանական կարգավորմանը»։  Թեմային իր հերթին անդրադարձել է նաև  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով՝ «այժմ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը»:

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ վարչապետի առաջարկած գաղափարը սկզբունքորեն մերժելի չէ, բայց անիրական է միջազգային գլոբալ հակադրության պայմաններում՝ այս հարցով  կոնսենսուս ՄԱԿ-ում կամ ԵԱՀԿ-ում չի կայանա։

«Արդեն նկատեցիք, որ ՌԴ-ն իր հանդիպակաց առաջարկով է հանդես եկել։ Այստեղ շատ ակնհայտորեն Հարավային Կովկասը դառնում է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախման թատերաբեմ, և պետք չէ սպասել, որ ՌԴ-ն զիջելու է այդ դիրքերը։ Ավելին, երեկ Զախարովան մի այլ՝ շատ կարևոր բան էլ է հայտարարել, գուցե ավելի կարևոր, քան վերոշարադրյալը. նա ասել է, որ ՌԴ-ն հանդիսանում է հակամարտության պատմության մաս։ Ասել է թե՝ հակամարտության և՛ կողմ, և՛ մոդերատոր, այսինքն՝ այս հակամարտությունը նաև իրենն է համարում՝ դրա մոդերատորության, լուծման առումով։ Սա նշանակում է, որ ՌԴ-ն բարձրացնում է Կովկասում իր խաղադրույքը և մտադիր չէ գլոբալ հակադրության այս իրավիճակում զիջել Հարավային Կովկասը։  ՀԱՊԿ-ի դիտորդների գաղափարը ածանցվում է հենց այդտեղից.  Լավրովն ասում է, որ միջազգային դիտորդների փոխարեն դա կանեն ՀԱՊԿ-ի դիտորդները, ավելի արդյունավետ կանեն, և  հասկացնում է, որ այստեղ ռուսական ազդեցության գոտի է»,- civic.am-ի հետ զրուցում նշեց քաղաքագետը։ 

- Հաշվի առնելով ՀԱՊԿ-ի վարքագիծը, մասնավորապես վերջին ռազմական ագրեսիայից հետո ցուցաբերած անգործությունը՝ ի՞նչ որակ պետք է սպասել այդ կառույցի դիտորդական առաքելությունից։ Այն մի՞թե չի գործելու նույն՝ արդեն իսկ հայտնի  ձեռագրով։  

- ՀԱՊԿ-ի կամ տարածաշրջանային, միջազգային այլ կառույցի նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքն այնքան էլ էական չէ։ Աշխարհաքաղաքական մրցակցություն է ընթանում, և ուժերի հարաբերակցությունն ու դիվանագիտական միջավայրն են որոշելու ամեն բան։ Հայաստանից առանձնապես շատ մեծ բան կախված չէ։ Կարծում եմ, որ, ընդհակառակը, պետք է շատ կշռադատված վարքագիծ ցուցաբերենք։  Հենց այդ համատեքստում ես քանիցս շեշտել եմ, որ այս պայմաններում ճամբարափոխության քայլը շատ վտանգավոր ռիսկեր կարող է առաջացնել, քանի որ մենք կարող ենք դառնալ աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմ։ Այս պահին վեկտորալ փոփոխության մասին քննարկումներն արդյունավետ չեն, ՀՀ-ն պետք է փորձի մեծացնել իր արտաքին քաղաքական հնարավորությունները, ՌԴ-ից բացի՝ աշխատի նաև այլ կենտրոնների հետ՝ ԱՄՆ, ԵՄ։  Լավրովը խոսում է նաև երեք ղեկավարների պայմանավորվածությունների կատարման մասին՝ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի։  Դիտորդները, որ պիտի  գան, ըստ Լավրովի ակնարկի, պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն վերոհիշյալ երեք ղեկավարների  պայմանավորվածությունների կատարման համար։ Պետք է հասկանալ, որ գործ ունենք ռուսական մոդերատորության դրսևորումներից մեկի հետ, ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը պետք է ընդամենն ապահովի եռակողմ հայտարարություններից բխող պարտավորությունների կատարումը կամ դրա համար բարենպաստ միջավայրի ստեղծումը։ Այսինքն՝ ես այստեղ ՀԱՊԿ-ի վրա չեմ կենտրոնանում՝ որպես կազմակերպություն։ Այն, ըստ Լավրովի՝ պայմանավորվածությունների կատարման գործիքակազմ է։ Ռուսական կողմի այս արձագանքներն ակնհայտորեն  ուղղված են  ԱՄՆ-ի ակտիվացած ջանքերին։ ՀԱՊԿ-ի՝ ռուսակա՞ն, թե՞  ամերիկյան միջնորդությունն ավելի ակտիվ և արդյունավետ կլինի կամ  ոչ՝ այժմ տեղին չեմ համարում քննարկել, քանի որ դա մեզանից կախված չէ։ Մենք պետք է շատ կշռադատված արտաքին քաղաքականություն վարենք և խաղաղության բոլոր հնարավորությունները կարողանանք օգտագործել։  Առայժմ տեսանելի է, որ տարածաշրջանում առարկայական հողի վրա շատ ավելի մեծ գործիքակազմ ունի ՌԴ-ն, դա մեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս՝ միանգամայն այլ պատմություն է և ռեալ պոլիտիկի հետ շատ քիչ կապ ունի։  

- Հնարավո՞ր է ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ միայն ՌԴ-ի, որպես առանձին միջազգային սուբյեկտի դեմքով տեղակայվի  դիտորդական առաքելությունը, ինչպես ԼՂ-ում՝ խաղաղապահ առաքելության տեսքով։ 


- Եկեք ՀԱՊԿ-ին շատ լուրջ չվերաբերվենք, երբ որ ասում ենք ՀԱՊԿ, ՀԱՊԿ, պետք է հասկանանք, որ այն ռուսական քաղաքական գործիքներից մեկն է։ Սա հիմք ընդունելով էլ չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ի անունից հանդես եկող որևէ դիտորդ կարող է որևէ բան անել՝ դիտորդական առաքելություն, որը հակասության մեջ մտնի ռուսական շահերի հետ։ 

- Իսկ ինչպիսի՞ ակնկալիքներ պետք է ունենալ ՀԱՊԿ, ենթադրյալ՝ ռուսական դիտորդական առաքելությունից։  
 
- ՀՀ-ն պետք է ճիշտ և հստակ ձևակերպի իր ակնկալիքները։ Մենք պետք է հաշտվենք այն իրականության հետ, որ Հարավային Կովկասում ՌԴ-ն այլևս ունի երկու ռազմավարական դաշնակից՝ ՀՀ-ն և Ադրբեջանը։ Հետևաբար  ՌԴ-ն վարելու է «հավասար հեռավորության քաղաքականություն», սա իրենց տերմինն է, որը եթե դիվանագիտական խոսույթից փոխադրենք սովորական  խոսքի, կնշանակի պարիտետային քաղաքականություն։ Այսինքն՝ ՌԴ-ն առաջին հերթին սպասարկելու է իր շահերը և չի մտնելու բացառապես հայկական և կամ բացառապես ադրբեջանական օրակարգի սպասարկման դաշտ։ Երկրորդ. պետք է նկատի ունենանք, որ ՌԴ-ն  խրված է  ուկրաինական պատերազմի մեջ, նրա կարողությունները շատ ավելի սահմանափակ են, քան մինչ  այդ պատերազմը։ Եվ պետք չէ ենթադրել, որ այս ծանր պայմաններում ՌԴ-ն հարաբերությունները փչացնելու է Թուրքիայի, Ադրբեջանի  հետ։ Իհարկե անելու է նաև այնպես, որ հայկական կողմն էլ շատ նվաստացած վիճակում չհայտնվի։  Այսինքն՝ պարիտետային քաղաքականություն ասվածը ենթադրում է, որ առճակատման չի գնալու Բաքվի և Անկարայի հետ։ Հետևաբար ՌԴ-ից պետք է ակնկալեք ոչ թե պրոհայկական դիրքորոշման որդեգրում, որը մեր հասարակությունը սպասում էր, ինչի հետևանքով էլ տեղի ունեցավ հիասթափությունը, այլ ՌԴ-ից պետք է ակնկալել ստեղծել դիվանագիտական մի միջավայր, որտեղ հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Պետք է ձգտել մի քանի վատ տարբերակների միջից (նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո լավ տարբերակ չի լինելու) նվազ ռիսկերով տարբերակն ընտրել։

Հուսադրող է, որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Սյունիքով անցնող ենթադրվելիք ճանապարհի հարցում արտահայտեց մի դիրքորոշում, որը Բաքվի օրակարգի հետ չի համընկում։ Նա ասաց, որ արտատարածքային միջանցք չի լինելու։ Մեր և միջազգայն օրակարգերը, այդ թվում՝ ՌԴ-ի, պետք է հնարավորինս ներդաշնակեցնել։ Ի վերջո՝ ոչ թե Ադրբեջանն է որոշում, թե ինչքան կարելի է վերցնել ՀՀ-ից, այլ դա նրան պետք է «թույլ տան» միջազգային խաղացողները։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանի ծավալապաշտական օրակարգը  այնպես չէ, որ համընկնում է խոշոր խաղացողների, այդ թվում՝ ՌԴ-ի օրակարգերին։ Հետևաբար բոլոր այն տեղերում, որտեղ մեր դիրքորոշումները մոտ են ՌԴ-ի դիրքորոշումներին, պետք է ակտիվ աշխատենք, որպեսզի խաղաղության պայմանագրի ռիսկերը հնարավորինս փոքրացնենք։ Ահա սա պետք է ակնկալել՝ ՌԴ-ն ստեղծելու է բանակցային միջավայր, որը տանելու է փոքր ռիսկերով խաղաղության պայմանագրի ստորագրմանը և բացառելու է նոր ռազմական էսկալացիայի վտանգը։ Այս առումով մենք ընդդիմադիր այն ուժերի շարքին ենք պատկանում, որ Նիկոլ Փաշինյանին ոչ թե դրդում ենք գնալ խաղաղության գործընթացի վիժեցմանը, այլ ընդհակառակը՝ հանրային պահանջ ձևավորելուն, որի պայմաններում Փաշինյանը գնա այդ պայմանագրի ստորագրմանը։ 

Հեղինե Մանուկյան