Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակցային գործընթացի մասին ամբողջությամբ տեղյակ են բավականին լայն շրջանակներ. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ. Փաշինյան

Բանակցային գործընթացի մասին ամբողջությամբ տեղյակ են բավականին լայն շրջանակներ. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ. Փաշինյան
Քաղաքականություն
20:56, 30 сентябрь 2022
«Եթե համատեքստն այն է, որ իշխանությունը ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել և նրան պետք է օգնել պատասխանատվություն վերցնել, ապա պետք է ասեմ, որ իշխանությունը և անձամբ ես գիտակցում եմ այդ պատասխանատվությունը, և մենք պատրաստ ենք վերցնել այդ պատասխանատվությունը, որը ստացել ենք նաև մեր ժողովրդից»,- անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի Հանրայինի եթերում հնչեցրած մտքերին՝ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ինչ վերաբերում է բանակցային գործընթացից տեղյակ լինելուն, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Թյուրիմացություն է, որ բանակցային գործընթացի մասին տեղյակ է մարդկանց նեղ շրջանակ, որովհետև բանակցային գործընթացի մասին՝ ընդհուպ տառերի, նախադասությունների մակարդակով, տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ, և ոչ միայն մեր թիմակիցները»:

Վարչապետն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի նախագահը որևէ բանակցությունում իր արտասանած և լսած որևէ նախադասությունից անտեղյակ չէ:

Ինչ վերաբերում է ընդդիմության տեղեկացվածությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համապատասխանաբար երկու խմբակցությունների լիդերներն են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ: Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես ըստ էության հրաժարվել է ստանալ, որովհետև ես այդ տեղեկատվությունը կիսում եմ նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ»: