Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը շահագրգռված չէ «խաղաղության պայմանագիր» պատրաստելուն․ տեսանյութը բերում է հայ հանրության շրջանում ակնկալված ռեակցիան՝ հրաժարվել «խաղաղության» դիսկուրսից ու մերժել Բաքվի հետ բանակցությունները

Ադրբեջանը շահագրգռված չէ «խաղաղության պայմանագիր» պատրաստելուն․ տեսանյութը բերում է հայ հանրության շրջանում ակնկալված ռեակցիան՝ հրաժարվել «խաղաղության» դիսկուրսից ու մերժել Բաքվի հետ բանակցությունները
Քաղաքականություն
20:04, 02 октябрь 2022
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրել է․

«Աշխարհում բազում ազնիվ մարդկանց ցնցած տեսանյութը առաջինը չէ, որը դիտելիս քեզ թվում է, թե սիրտդ շուտով կկանգնի թշնամու անասնականության անսահմանությունից։

Պատերազմի օրերին թվիթերում ադրբեջանական արտաքին հետախուզության տարբեր չմարդիկ միտումնավոր բերում էին գրառմանս ներքո տեղադրում թելեգրամ ալիքների հայտնի տեսանյութերը՝ հոգեբանորեն ազդելու նպատակով։ Պարտադիր չէի դիտում։ Նույնը խորհուրդ էի տալիս բոլորին։

Նման տեսանյութերը պատահական չեն հրապարակ նետվում, ու այժմ էլ, ցավից կծկված, ատամներ սեղմելով, ռազմավարական համբերությամբ պետք է հասկանանք, թե ինչու է թշնամին հրապարակել մի բան, որը պատերազմական հանցագործություն է որակվում, ու որի տակից պետք է դուրս գալ։

Համարձակվում եմ հետևյալ երկու վարկածները առաջ քաշել։

Վարկած 1
․ Սեպտեմբերյան լայնամասշտաբ ագրեսիայից հետո ռիսկի վերջին գնահատականում հանգամանորեն նկարագրել էի, որ Վաշինգթոնում, ըստ էության, ժամանակ է դրվել հայ-ադրբեջանական բանակցությունների, հոկտեմբերին Փաշինյան-Ալիև հանդիպում նշանակելու ու կարճ ժամանակ «խաղաղության պայմանագիր» պատրաստելու համար։ Գրիգորյան-Հաջիև հանդիպումը դրա համար էր։

Մինչդեռ Ադրբեջանն ամենևին շահագրգռված չէ դրանում, ինչը ցույց տվեց ՄԱԿ-ում վարչապետ Փաշինյանի ելույթը։ Միջազգային փաստաթղթերի, նորմերի ու իրավունքի շրջանում Ալիևը միջանցք չի ստանում, Արցախի հարցը չի փակվում, Հայաստանի հետ բանակցություններում զրկվում է Երևանի վրա ճնշում գործադրելու լծակներից, Արցախի հարցում Ռուսաստանի հետ հայտնվում է ավելի խորը պրոբլեմի մեջ, քան անգամ Երևանը։

Մինչդեռ առանց դրա Ալիևը գոնե պատառ-պատառ, դիրք առ դիրք գոնե նվաճում է Հայաստանից ու առայժմ հաջողվում է պահպանել։
Դեռևս։ Գրել էի, որ Բաքվին պետք է, որ մեկ ուրիշը տապալի բանակցությունները, որպեսզի խուսափի անցանկալի բանակցություններից։ Ահա, հրապարակվում է տեսանյութը, որը որոշ առումներով բերում է հայ հանրության շրջանում ակնկալված ռեակցիան՝ հրաժարվել «խաղաղության» դիսկուրսից ու մերժել Բաքվի հետ բանակցությունները։ Ես կարծում եմ, չպետք է անել այն, ինչին դրդում է թշնամին։ Սա, իհարկե, չի նշանակում, թե դիսկուրսը պետք է շարունակել ամեն գնով խաղաղություն մուրալու տոնայնությամբ։ Անշուշտ, հեռտորաբանության մեջ շատ բան պետք է փոխվի։

Վարկած 2․ Ըստ զինվորականության վստահելի աղբյուրների՝ չնայած սեպտեմբերյան լայնամասշտաբ ագրեսիայում զոհերի մեծաքանակությանը, հայոց բանակը լուրջ հակահարված է տվել թշնամուն, որը անակնկալ է եղել Ալիևի համար։ Ի վերջո, այլևս կասկածից վեր է, որ Հայաստանի հարավը սարսափեցման տակ հայաթափելու ու միջանցք կտրելու լուրջ պլան է եղել, որին չեն հասել։ Չեն հասել առյուծ տղերքի կյանքի ու պայքարի գնով։ Թշնամին նկատում է, որ հայոց բանակը վերականգնվում է 44-օրյա պատերազմի տրավմայից։ Այժմ ծայրահեղ անհրաժեշտություն է առաջացել հոգեբանորեն ընկճելու հայ մարդուն, տղամարդուն, մարտիկին, որը կարող է բարբարոսության ստրատեգիայով՝ կոնկրետ այդպիսի տեսանյութերով։

Մնացածը դուք որոշեք, թե ինչպես պետք է արձագանքենք մենք։ Այն որ քթներից պետք է բերենք, դա հաստատ՝ միջազգայնորեն, թե տեղում»։