Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանում իրականացված մոնիտորինգի արդյունքներով կազմվել է եզրակացություն, որը կներկայացվի ՀԱՊԿ ՀԱԽ-ի որոշմանը. ՀՀ ՊՆ

ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանում իրականացված մոնիտորինգի արդյունքներով կազմվել է եզրակացություն, որը կներկայացվի ՀԱՊԿ ՀԱԽ-ի որոշմանը. ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
15:30, 03 октябрь 2022
«ՀԱՊԿ-ի աշխատանքային խմբի ղեկավար, գեներալ-գնդապետ Ա. Սիդորովի գլխավորած օպերատիվ խմբի՝ Հայաստանում իրականացրած մոնիտորինգի արդյունքներով կազմվել է եզրակացություն, որը կներկայացվի ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ՀԱԽ-ի (Հավաքական անվտանգության խորհուրդ) որոշմանը»,- այս մասին Civic.am-ին հայտնել են ՀՀ ՊՆ-ից՝ ի պատասխան մեր այն գրավոր հարցի՝ ի՞նչ առաջարկներ են ներկայացվել ՀԱՊԿ-ի կողմից, և արդյոք ՀՀ ՊՆ-ն դիտարկո՞ւմ է դրանք որպես հայանպաստ առաջարկներ։  

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Հայաստանի տարածքի վրա հարձակվելուց հետո Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին, որի հիմքով էլ ՀԱՊԿ-ն աշխատանքային խումբ էր ուղարկել Հայաստան՝ մոնիտորինգ իրականացնելու նպատակով։ Ըստ ՀԱՊԿ-ի հաղորդագրության՝ աշխատանքային խումբը մոնիտորինգի արդյունքներով առաջարկներ էր ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարարությանը։

ՀՀ ՊՆ-ից նաև հետաքրքրվել էինք ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ սեպտեմբերի 17-ին Հայաստան կատարած այցից։  Սեպտեմբերի 18-ին Փելոսին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն պատրա՞ստ է ռազմական օգնություն, զենք տալ Հայաստանին, նշել էր, որ ինքը Հայաստանում է՝ լսելու Հայաստանի ակնկալիքներն ԱՄՆ-ից։ Այնուհետև կայացել էր Նենսի Փելոսիի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ 

Սուրեն Պապիկյանին հարց էինք ուղղել՝ արդյոք Փելոսիի հետ հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է Հայաստանին ռազմական օգնություն տալու կամ ԱՄՆ-ի հետ զենքի առևտուր անելու հարցը, ինչպես նաև հարցրել էինք, թե հայկական կողմն ի՞նչ ակնկալիքներ է ներկայացրել Փելոսիին։ 

«Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի և ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր»,- պատասխանել են ՀՀ ՊՆ-ից։ 

Նարա Մարտիրոսյան