Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոյվո Կլաարը 44-օրյայի չհաստատված տեսանյութերը համեմատում է «Խաղաղության պայմանագրի» քննարկման ընթացքում Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների հետ

Տոյվո Կլաարը 44-օրյայի չհաստատված տեսանյութերը համեմատում է «Խաղաղության պայմանագրի» քննարկման ընթացքում Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների հետ
Քաղաքականություն
17:23, 03 октябрь 2022
Ադրբեջանի զինծառայողների կողմից հայ անզեն ռազմագերիներին գնդակահարելու մասին տեսանյութը, որը երեկ՝ հոկտեմբերի 2-ին, լայն տարածում գտավ, արդեն իսկ ՀՀ ՄԻՊ-ի կողմից փաստվել է, որ կատարվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ հարձակվելու ընթացքում։ Գնդակահարության մասին տեսանյութն ուղարկվել էր նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, որը Թվիթերի իր էջում գրառել էր. «Հայտնվել է ևս մեկ սարսափելի տեսանյութ, որտեղ, ինչպես երևում է, հայ ռազմագերիները մահապատժի են ենթարկվում։ Եթե ապացուցվի, որ այս տեսանյութն իրական է, ապա այս պատերազմական հանցագործությունը պետք է հետաքննվի, և  հանցագործները պետք է պատժվեն»։ 

Այս գրառումից կարճ ժամանակ անց Տոյվո Կլաարը հերթական թվիթն արեց՝ արդեն հօգուտ Ադրբեջանի. նա տեղեկացրեց, որ  ստացել է մի քանի տեսանյութեր, որտեղ ցուցադրվում են պատերազմական հանցագործություններ՝ կատարված ադրբեջանցիների դեմ: «Այս տեսանյութերը ևս պետք է հետաքննվեն, և եթե իրական են, ապա հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այս հակամարտությունը երկու կողմում էլ խորը վերքեր է թողել և բուժելու անհրաժեշտություն կա»,- գրել է նա։ 
Սակայն Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր երկրորդ գրառման մեջ այդպես էլ չի նշել, որ Ադրբեջանի կողմից ուղարկված տեսանյութերը ոչ թե սեպտեմբեր ամսին՝ մեկ-երկու օրվա ռազմական գործողությունների ընթացքում են կատարվել, այլ ենթադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հետևաբար տարակուսանք է առաջացնում Կլաարի գրառումը՝ արդյոք իր խոսքով՝ ադրբեջանցիների դեմ պատերազմական հանցագործությունները վկայող տեսանյութերը նա նո՞ր է ստացել, թե՞ պարզապես փորձում է հավասարության նշան դնել հայերի ու ադրբեջանցիների գործողություններում։  
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ևս անդրադարձել էր Տոյվո Կլաարի թվիթերյան գրառմանն ու ընդգծել. «Փորձել լայնամասշտաբ պատերազմի ժամանակ տեղի ունեցած որևէ դեպք համեմատել խաղաղության պայմանագրի տեքստ քննարկելու ընթացքում իրականացված ակնհայտ պատերազմական հանցագործության հետ՝ ուղղակի ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում... Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև»:

Հիշեցնենք, որ 44 օրյա պատերազմն ավարտվել է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, և հիմա «Խաղաղության պայմանագրի» կնքման համար բանակցություններ են տարվում հենց Բրյուսելի նախաձեռնությամբ։ 
Ավելին՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումից պարզ դարձավ, որ Ադրբեջանը մայիս ամսին Բրյուսելում խոստացել է վերադարձնել հայ ռազմագերիներին, որը չի կատարել։ Եվ հիմա ստացվում է, որ Ադրբեջանը գերիներին վերադարձնելու փոխարեն գնդակահարում է նրանց։ 

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր նաև, որ սեպտեմբեր ամսին Վաշինգտոնում կրկին Ադրբեջանը խոստացել է վերադարձնել հայ ռազմագերիներին մինչև սեպտեմբերի 30-ը, որը ևս չի կատարել։
Նշենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից արդեն իսկ Civic.am-ին հայտնել են, որ Ադրբեջանի կողմից
Տոյվո Կլաարին ուղարկված տեսանյութերը դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ են ներկայացվել ՄԻԵԴ՝ իբր հայերի կողմից կատարված հանցագործություններ։ Իսկ հայ ռազմագերիներին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գնդակահարելու փաստը տեսագրվել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի հարձակման ընթացքում, և արդեն իսկ դիմումներ են ուղարկվել Հաագայի դատարան ու առաջիկայում նաև ՄԻԵԴ՝ Ադրբեջանի դեմ։  

Նշենք, որ օրեր առաջ էլ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը դիմում էր ուղարկել ՄԻԵԴ՝ հայ վիրավոր ռազմագերուն սպանելու փաստով։ Ադրբեջանը  ՀՀ ԶՈՒ 32 զինծառայողների դիերի հետ ուղարկել էր նաև գերեվարված Դավիթ Գիշյանի դին, որը սեպտեմբերի 13-ին ողջ վիճակում էր գտնվել ադրբեջանական կողմում։ Եվ այս ամենը Բրյուսելի կողմից՝ ի դեմս Տոյվո Կլաարի միջնորդությամբ ընթացող «Խաղաղության պայմանագրի» կնքման բանակցությունների ընթացքում։ 
Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը մինչև սեպտեմբերի 13-ի պատերազմը պաշտոնապես 33-ն է։ Այսօր միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Ադրբեջանը հաստատել է իր մոտ գտնվող 17 ռազմագերու փաստը, որոնք գերեվարվել են սեպտեմբերի 13-ի հարձակման ընթացքում։ Այսինքն՝ Ադրբեջանում պահվող գերիների թիվը, որոնք պաշտոնապես հաստատված են, այս պահին 50-ն է։

Նարա Մարտիրոսյան